ԱՄՆ-ի և Ռուսաստանի հարաբերությունները Թրամփի օրոք «թթու» կլինեն. Բորիս Մեժուև

06 Նոյեմբերի 2024, 22:30

Կարծիք | Քաղաքականություն

Ռուս քաղաքագետ և ամերիկագետ Բորիս Մեժուևը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ նախագահական վերջին ընտրություններին և Դոնալդ Թրամփի հաղթանակի ազդեցությանը Վաշինգտոնի քաղաքականության վրա Ռուսաստանի և Հարավային Կովկասի նկատմամբ։

«Ես արմատական փոփոխություններ չեմ սպասում։ Գլխավոր փոփոխությունները կադրային են լինելու: Կա որոշակի «2025» նախագիծ, որը պատրաստվում է իրականացնել Թրամփը, որտեղ հիմնականը քաղաքական բյուրոկրատիայի միջին մակարդակի փոփոխությունն է։ Սա հոգեբանական մեծ տրավմա կլինի շատ մարդկանց համար, որոնք կկորցնեն իրենց աշխատանքը, որոնք փորձել են աշխատել կուսակցությունից դուրս։ Ձեզ մի ասոցացրեք ո՛չ Դեմոկրատական, ո՛չ Հանրապետական կուսակցության հետ։

Կարծում եմ՝ 4 տարի կմոռանան տրանսգենդերների մասին։ Ամեն դեպքում, խստորեն կհայտարարվի, որ վերջ, դադարեցրեք այս երևույթի տարածումը բանակում, սպորտում և այլն, սեռերը խառնելով և, ամեն դեպքում, ինչ-որ իրավական հիմք տալով դրան»,- կարծում է Մեժուևը։

Alpha News-ի զրուցակցի խոսքով՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում Թրամփի ապագա վարչակազմը հիմնված է լինելու երկու հիմնական հրամայականի վրա։

«Ռուսաստանի հետ հարաբերությունները բարդ խնդիր են։ Ես սա կբաժանեի երկու մասի: Մի կողմից՝ վերջ տալով Ուկրաինայում ռազմական հակամարտությանը, որը Թրամփը խոստացել էր անել 24 ժամում։ Բայց նա դա չի անի 24 ժամվա ընթացքում, սակայն ես կարծում եմ, որ նա իսկապես կփորձի դա անել: Այսինքն՝ անցնել բանակցային գործընթացին և հասնել զինադադարի։ Ամեն դեպքում՝ գլոբալ զինադադարի։ Դե, հասկանում եք, ինչ-որ փոխհրաձգություններ, գնդակոծություններ, միևնույն է, տեղի կունենան, հազիվ թե հաջողվի հասնել հրադադարի։

Երկրորդ՝ նա կփորձի Ռուսաստանին պոկել Չինաստանից և, կարծես, նրան ինչ-որ տեսակի բարիքներ առաջարկել, այդ թվում՝ պատժամիջոցների վերացում՝ Արևմուտքի նկատմամբ ինչ-որ ավելի պարտավորեցնող պայմանների դիմաց։ Կլինի համատեղ հայտարարություն այն մասին, որ Թայվանը չպետք է հարձակման ենթարկվի: Բնականաբար, Ռուսաստանը սրան չի համաձայնի։ Կարծում եմ՝ Ռուսաստանը կհրաժարվի նման գրկախառնություններից։ Այստեղ կան ուժեղ մտավախություններ, որ Արևմուտքը կխաբի։ Եվ ամենակարևորը՝ բոլորը հասկանում են, որ Թրամփը ընդամենը 4 տարով է։ 4 տարի հետո կգա մեկ ուրիշը, դա պարտադիր չէ, որ լինի Վենսը (Թրամփ Ջ.Դ. Վենսի օրոք փոխնախագահ- խմբ.): Սա կարող է լինել քիչ թե շատ պատրաստված դեմոկրատ: Եվ ամեն ինչ նորից կվերադառնա իր բնականոն հունին, և կհաղթի ռուսաֆոբիան։ Ուստի այստեղ այդքան վստահություն չկա, և ես այստեղ ռազմավարական շրջադարձ չեմ ակնկալում։

Դա կհանգեցնի նրան, որ Թրամփն, այնուամենայնիվ, նախկինի պես հակառուսական դիրքորոշում կգրավի, ինչը չի նշանակում, որ նրան չի հաջողվի դադարեցնել այդ հակամարտությունը։ Այսինքն, ես կարծում եմ, որ հարաբերությունները կլինեն թթու»,- ընդգծել է քաղաքագետը։

Բորիս Մեժուևի կարծիքով՝ Թրամփը գործելու է խաղաղապահի կերպարի շրջանակներում, և Անդրկովկասում ընթացող գործընթացներին վերաբերվելու է դրանից ելնելով:

«Թրամփը խոստացել է ամենուր խաղաղություն բերել։ Նրան դուր է գալիս խաղաղապահի կերպարը։ Ես չեմ կարծում, որ նա կհրահրի հակամարտություններ, ես կարծում եմ, որ նա ավելի շուտ կձեռնարկի Չինաստանի որոշ խաղաղ նախաձեռնություններ և կփորձի, ընդհանուր առմամբ, այդ խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով: Հետևաբար, կարծում եմ, որ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցը նույնպես դիվանագիտական ճանապարհով կլուծվի առանց սրման: Ամեն դեպքում, եթե ինչ-որ ռազմական լուծման հերթական փորձ լինի, ապա ես կարծում եմ, որ Թրամփը կտրուկ դեմ կլինի դրան»,- եզրափակել է Մեժուևը։