ԱՄՆ-ի հայ համայնքը շատ է օգնում այնտեղ նոր տեղափոխված հայերին․ Քրիստինա Օգանեզզ

10 Փետրվարի 2024, 00:53

Կարծիք

ԱՄՆ-ի հայ համայնքը շատ է օգնում այնտեղ նոր տեղափոխված հայերին։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է մշակութային գործիչ Քրիստինա Օգանեզզը։

«Երբ մարդ գալիս է ԱՄՆ, նրա մոտ սթրես է առաջանում՝ թե կենցաղային, թե բարոյական առումներով։ Փորձում ես նոր կյանք սկսել։ Ասեմ, որ այստեղի հայ համայնքը շատ է օգնում՝ անգամ անծանոթ մարդիկ։ Ես շատ երջանիկ եմ դրա համար։ Այստեղ գալուց հետո առաջին քայլերից մեկը աշխատանք գտնելն է։ Կան հարթակներ, որոնցից մենք օգտվում ենք, որտեղ մարդիկ փորձում են աշխատանք գտնել։ Թե ինչքանով է հաջողվում, ըստ փորձի ու գիտելիքի, կրթության, գտնել աշխատանք, տարբեր մարդկանց մոտ տարբեր է ստացվում»,- ասել է մեր զրուցակիցը։

Մշակութային գործիչը մի խորհուրդ ունի ԱՄՆ տեղափոխվողներին՝ անպայման լավ տիրաապետել անգլերենին, որովհետև առանց լեզվի իմացության բազում խնդիրների կբախվեն։

«Անգլերենի իմացությունը շատ կարևոր է։ Եթե ուզում ես այս շուկա մտնել, պետք է անգլերեն լավ իմանալ, որպեսզի կարողանաս պայմանավորվել մարդկանց հետ։ Օրինակ՝ եթե նկարիչն անգլերեն չգիտի, շատ դժվար կլինի նրա համար։ Ես ունեմ մենեջեր, որ նաև օգնում է ինձ։ Նկարչի համար դժվար է և՛ ստեղծագործել, և՛ զբաղվել իր առաջխաղացմամբ։ Իհարկես, կարևոր է նաև մարդու խառնվածքը, շփվող, ասող-խոսող տեսակը։ Պետք է գնալ տարբեր միջոցառումների, որտեղ հնարավոր կլինի հանդիպել այնպիսի մարդկանց հետ, որոնք կարող են քեզ օգտակար լինել»,- ասել է Քրիստինա Օգանեզզը։