ԱՄՆ-ի հետ ստորագրված համաձայնագիրն աղերս չունի ռազմական օգնության հետ. Սուրեն Սարգսյան
15 Հունվարի 2025, 21:30
Տարիների ընթացքում է Հայաստանը մոտեցել ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության ստատուսին: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ԱՄՆ հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանը:
«Ռազմավարական գործընկերության կարգավիճակը ստացել ենք՝ հաշվի առնելով տարիների աշխատանքը: Սա միայն հետհեղախոխական Հայաստանի իշխանությունների աշխատանքը չէ: Տարիների ընթացքում Հայաստանը մոտեցել է այդ կարգավիճակին, ունեցել ենք ռազմավարական երկխոսության հարթակ, ռազմավարական գործընկերության հարթակ: Բնականաբար, սա հեռացող Բայդենի վարչակազմի նախաձեռնությունն է, բայց չեմ կարծում, որ Թրամփը գալու է ու ինչ-որ փոփոխություններ անի»,- նկատել է փորձագետը:
Սուրեն Սարգսյանի խոսքով՝ ԱՄՆ-ի համար ռազմավարական դաշնակիցներ են Իսրայելը, Մեծ Բրիտանիան և մի շարք այլ պետություններ, բայց ոչ Հայաստանը:
«Մենք պետք է կարողանանք ունակ լինել աշխատելու Թրամփի վարչակազմի հետ, որպեսզի այն ամենն, ինչ ստորագրել ենք Միացյալ Նահանգների մեր գործընկերների՝ Բայդենի վարչակազմի հետ, կարողանանք իմպլեմենտացնել Թրամփի օրոք: Վերջինիս նախորդ նախագահության 4 տարիներն, իհարկե, մեզ համար այդքան էլ ակտիվ չեն եղել: Այսինքն՝ մենք նախաձեռնողականությամբ հանդես չենք եկել, Միացյալ Նահանգները նույնպես մեր տարածաշրջանում առանձնապես հետաքրքրություն չի ցուցաբերել: Հուսանք՝ Թրամփի վարչակազմի հետ ավելի ակտիվ փոխգործակցության եզրեր կգտնենք: Այդ փաստաթուղթը պետք է ստորագրվեր, ու այդ ստատուսը Հայաստանը պետք է ստանար:
Այսինքն՝ մենք ԱՄՆ-ից պետք է ռազմավարական գործընկերության ստատուս ստանայինք, բայց քանի որ Բայդենի վարչակազմը հիմնականում նախաձեռնող է, և Բայդենի վարչակազմն էր ամենաակտիվ ներգրավվածություն ունեցող վարչակազմերից մեկը վերջին 32-33 տարիների ընթացքում, հենց ինքը՝ Բայդենը ցանկացավ իր կողմից նախաձեռնված այս գործընթացին միս ու արյուն տալ ու ռազմավարական գործընկերոջ ստատուս շնորհել Հայաստանին, ինչը ԱՄՆ-ն արել է այլ պետությունների, օրինակ, Վրաստանի դեպքում:
Կարևոր է հասկանալ, որ դա համաձայնագիր է, այդ ստատուսը որևէ աղերս չունի ռազմական օգնության հետ, ռազմավարական դաշնակից հասկացության հետ: ԱՄՆ-ի համար ռազմավարական դաշնակիցներ են Իսրայելը, Մեծ Բրիտանիան և մի շարք այլ պետություններ, բայց ոչ Հայաստանը»,- եզրափակել է Սուրեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրել են ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Վաշինգտոնում։
Կանոնադրությունը ստորագրելուց առաջ Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ միտված են ամրապնդելու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունն իր համապատասխան տարածքում։
«ՀՀ հետ համագործակցում ենք նաև անվտանգության և պաշտպանության ոլորտներում, միտված ենք ամրապնդելու ՀՀ ինքնիշխանության պաշտպանությունն իր համապատասխան տարածքում։ Հաջորդ շաբաթ սահմանային անվտանգության հատուկ խումբ է գալու Հայաստան՝ սահմանային անվտանգության ուղղությամբ համատեղ աշխատանք իրականացնելու համար։ Ամրապնդելու ենք անվտանգության ուղղությամբ համապատասխան գործունեությունը»,- ասել է նա։