ԱՄՆ-ի նպատակն է Հայաստանի օգնությամբ խարխլել Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում. Միխայիլ Թիլման

08 Փետրվարի 2024, 22:30

Կարծիք | Քաղաքականություն

Alpha News-ի եթերում ԱՄՆ աստվածաբանական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Միխայիլ Թիլմանը պատմել է, թե ինչ նպատակներ ու խնդիրներ է հետապնդում ԱՄՆ-ը Հարավային Կովկասի տարածաշրջանում:

Խոսելով տարածաշրջանում ԱՄՆ-ի մտադրությունների մասին՝ փորձագետն ասել է, որ Վաշինգտոնը միշտ նույն նպատակն է հետապնդում՝ հաստատել իր առաջնորդական դիրքերը:

«Չի կարելի ժխտել, որ ԱՄՆ-ն շարունակում է մնալ աշխարհի առաջատար տերությունը, սակայն պետք է նշել, որ ԱՄՆ-ի ազդեցությունն աստիճանաբար նվազում է։ Կովկասյան տարածաշրջանն ավանդաբար միշտ հետաքրքիր է եղել համաշխարհային խոշոր տերությունների համար։ Եվ այստեղ կա երկու կետ. առաջինը կապված է համաշխարհային առևտրի հետ։ Միացյալ Նահանգները միշտ հենվել է ծովային առևտրային ուղիների վերահսկողության վրա՝ շնորհիվ իր հզոր նավատորմի և այն փաստի, որ Ամերիկան ողողված է երկու մեծ օվկիանոսներով:

Երկրորդ կետը ԱՄՆ-ի ռազմավարական նպատակն է՝ պայքարել Ռուսաստանի դեմ։ Քանի որ Ռուսաստանն ու Չինաստանը ամերիկյան ռազմաքաղաքական դոկտրինում համարվում են ռևիզիոնիստական տերություններ», — ասել է Թիլմանը։

Փորձագետի խոսքով՝ ԱՄՆ-ն ցանկանում է պայթեցնել Ռուսաստանի հարավային սահմանը:

«Միացյալ Նահանգներն այժմ լուրջ խնդիրներ ունի՝ կապված այն բանի հետ, որ իր ուժերը բավականին տարածված են ամբողջ աշխարհում։ Արդեն կա ռուս-ուկրաինական հակամարտություն, որում ամերիկացիները շատ են ներգրավված, այդ թվում՝ ֆինանսապես, այնուհետև կա լարված իրավիճակ հեռավոր Արևելքում և, իհարկե, ամերիկյան ներգրավվածությունը մերձավորարևելյան հակամարտությանը, եթե ոչ հակամարտություններին։ Եվ, համապատասխանաբար, ամերիկացիները ցանկանում են խարխլել Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասով և պայթեցնել Ռուսաստանի հարավային սահմանը։
ԱՄՆ-ն ցանկանում է Հայաստանի միջոցով խարխլել Ռուսաստանի դիրքերը Հարավային Կովկասում։ Նրանց նպատակն է այնտեղից դուրս մղել Ռուսաստանը, փակել ռուսական ռազմաբազան, և գուցե նույնիսկ Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից», — ընդգծել է Թիլմանը։

Ինչ վերաբերում է Հայաստանի գործող իշխանությունների՝ Ռուսաստանի հետ դաշինքից հեռանալու և Արևմուտքի հետ մերձենալու ուղղությանը, ապա փորձագետը նշել է, որ պետք է հասկանալ մի տարրական բան՝ «Ամերիկան հեռու է, իսկ Ռուսաստանն այստեղից ոչ մի տեղ չի անհետանա»:

Հարցազրույցի ընթացքում Միխայիլ Թիլմանը մեկնաբանել է նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ Վաշինգտոնի մոտեցումները, ինչպես նաև Ամերիկայի նախագահական ընտրություններից հետո տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականության հնարավոր փոփոխությունը։