ԱՄՆ-ին անհրաժեշտ է Երևանի և Բաքվի միջև խաղաղության համաձայնագիր՝ ՌԴ-ն և ՉԺՀ-ն շրջանցող արտահանում իրականացնելու համար

27 Հունիսի 2024, 09:40

Քաղաքականություն

ԱՄՆ-ն ձգտում է հասնել նրան, որ Կենտրոնական Ասիայից ապրանքների արտահանումը տեղի ունենա ոչ թե Ռուսաստանի և Չինաստանի միջոցով, այլ այլընտրանքային ուղիներով, այդ թվում՝ Ադրբեջանով։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’ Բրայենը՝ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ։

«Դա վերաբերում է ողջ տարածաշրջանին, Կենտրոնական Ասիային, այդ բոլոր երկրների արտահանումը համաշխարհային շուկաներ այժմ գնում է միայն Չինաստանի և Ռուսաստանի միջոցով։ Շրջանցելու համար նրանք պետք է համագործակցեն Ադրբեջանի հետ»,- ասել է դիվանագետը՝ խոսելով Բաքու իր հետագա այցի նպատակների մասին։

Նրա խոսքով՝ մի ճանապարհն անցնում է Վրաստանով դեպի Սև ծով, բայց մյուսը՝ հնարավոր ավելի մեծ ճանապարհը, կանցնի Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով։ «Եւ այդ նկատառումներից ելնելով մեզ անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր», — պարզաբանել է նա:

Օ’ Բրայենը հավելել է, որ հունիսի 27-ին իր այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կհիշեցնի, որ «եկել է խաղաղություն հաստատելու ժամանակը»:

Հիմա եթերում