ԱՄՆ կառավարությանը նամակներ են ուղարկվել, որ COP29-ը Բաքվում չանցկացվի․ Կարեն Ջինբաչյան

18 Հոկտեմբերի 2024, 13:00

Քաղաքականություն

Հայ Դատի աշխատանքներից է բոյկոտել COP29-ը: Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Հայ Դատի արևմտյան Ամերիկայի գրասենյակի համայնքային կապերի համակարգող Կարեն Ջինբաչյանը:

«Ինչքան հեգնանք կա Ադրբեջան և մարդկային իրավունքներ բառերը մի նախադասության մեջ գործածելիս: Հայ Դատի հանձնախումբը մաս է կազմել համահայկական մեծ աշխատանքի, որպեսզի ամբողջ աշխարհը տեղեկանա, որ չի կարելի էթնիկ զտումը, ցեղասպանությունը, բռնի տեղահանումը սրբագրել, մոռացության մատնել:

Հանձնախմբի աշխատանքներից է ոչ թե պարզապես բոյկոտել այս համաժողովը, այլև կոնգրեսական կամ նույնիսկ համայնքային գործիչները, որոնք պիտի ներկայանան այդ համաժողովին, այս խնդիրները բարձրաձայնեն, որպեսզի կարողանանք այնպիսի իրավիճակ ստեղծենք Բաքվի համար, որ ադրբեջանական կառավարությունն իր հողում սկսի անհանգիստ զգալ, այնտեղ, որտեղ պետք է ամենաապահովը լիներ»,- ասել է Ջինբաչյանը:

Նրա խոսքով՝ իրենք նամակ են ուղարկել ԱՄՆ կառավարությանը, ինչին արձագանքել է ադրբեջանական կողմը:

«Ամերիկյան կառավարությանը 60 նամակ է ուղարկվել, որ COP29-ը Բաքվում չանցկացվի: Այդ նամակներն ուղարկելուց հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արձագանքել է՝ ասելով, որ այս նամակը ինչ-որ շատ զզվելի արարք է ամերիկյան կողմից: Դրան հետևում է նոր PR արշավը: Տեսանյութ են պատրաստում, որտեղ բուրգի գլխում Հայ Դատի հանձնախումբն էր: Ամերիկահայ համայնքի իրավունքն է կոնգրեսականներին ասել այն, ինչը համարում է, որ սխալ է»,- եզրափակել է Կարեն Ջինբաչյանը: