ԱՄՆ կառավարությունը, Բայդենի վարչակազմը պետք է շատ ավելին անեն. Շիֆը պահանջում է Ադրբեջանին զրկել ռազմական օգնությունից

24 Օգոստոսի 2023, 19:47

Քաղաքականություն

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել եւ ԱՄՆ իշխանություններին կոչ արել գործել՝ Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը վերջ դնելու համար: Կոնգրեսականն իր տեսաուղերձում ներկայացրել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակը, այդ թվում՝ սննդի, դեղորայքի և այլ անհրաժեշտ պարագաների պակասը, որի հետևանքով մարդիկ սկսել են մահանալ։ «Այս հարցին հարկավոր է լուծում տալ և հրատապ կերպով», — նշել է Շիֆը։

Նա նաև հիշեցրել է վերջերս Լաչինի միջանցքի արգելափակման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անցկացված նիստի մասին՝ շեշտելով, որ «դրան, սակայն, ոչինչ չհետևեց»։

«Մեզ հարկավոր է բանաձև, որը կպահանջի վերջ դնել միջազգային իրավունքի այս խախտմանը․․․Եվ ԱՄՆ կառավարությունը, Բայդենի վարչակազմը պետք է շատ ավելին անեն։ Նրանք պետք է Ադրբեջանին զրկեն ռազմական օգնությունից։ Նրանք պետք է այնպես անեն, որ այս անօրինական շրջափակումն ավարտվի։ Մենք չպետք է որևէ գումար տրամադրենք Ադրբեջանին․․․ Մենք չենք կարող լռել: Վարչակազմը պետք է խոսի, պետք է գործի, ինչ-որ բան պետք է արվի, հակառակ դեպքում՝ ավելի շատ մարդիկ կմահանան», — հայտարարել է Շիֆը։

Կոնգրեսականը նաև հիշեցրել է Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին, որի հետևանքով հազարավոր մարդիկ զոհվեցին։ «Նրանք շարունակում են ռազմագերիներին պահել ապօրինաբար, միջազգային իրավունքի խախտումներով, նրանց դատապարտում են առանց պատճառի: Սրան պետք է վերջ դրվի», — ասել է Շիֆը:

Շիֆը նաև շեշտել է, որ առաջին հերթին հարկավոր է դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը: «Ես խորապես անհանգստացած եմ, որ ևս մեկ ցեղասպանություն կարող է իրականացվել հայ ժողովրդի դեմ: Վարչակազմը պետք է գործի», — եզրափակել է կոնգրեսականը: