ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը համաձայնել է հանդիպել հայերի հետ

10 Օգոստոսի 2023, 11:13

Քաղաքականություն

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Կոնգրեսականը համաձայնել է ընդունել հայերին` ԱՄՆ Արեւմտյան հայոց թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի միջնորդությամբ: Այս մասին քիչ առաջ հայտարարեցին Գլենդել-Բըրբանք մայրուղին փակած հայերը, որոնք 4-րդ օրն է՝ ի պաշտպանություն Արցախի՝ անհնազանդության ակցիաներ են իրականացնում Բըրբանք քաղաքում, որտեղ տեղակայված է Շիֆի գրասենյակը:

«Այդ հանդիպմանը պետք է հասկանանք, թե մեր աշխատանքները ինչքան են շարունակվելու, ինչքանով ենք կարողանալու Միացյալ Նահանգներին պարտադրել, որ թույլ չտա նոր ցեղասպանություն, որը կատարվում է նույն ժողովրդի կողմից նույն ազգի դեմ: Հերի՛ք է: Մենք պատրաստ ենք մեր աշխատանքները շարունակել այնքան՝ մինչեեւ կհասկանանք, որ մեր Արցախն ապահով ձեռքերում է»,- հայտարարեց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հայ համայնքի ներկայացուցիչները փակել էին Գլենդել-Բըրբանք մայրուղին՝ կաթվածահար անելով երթեւեկությունը: Նրանք հանդիպում էին պահանջում Ադամ Շիֆի հետ:

Ամերիկահայերը 4-րդ օրն է՝ անհնազանդության ակցիա են անում Բըրբանք քաղաքում: Նրանք պահանջում են կոշտ արձագանքել Ադրբեջանի գործողություններին եւ պարտադրել նրան բացել Արցախի ճանապարհը, որն արդեն 8 ամիս է՝ փակ է: