ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը Բաքվում պահվող հայերի հարցով դիմել է Ռուբիոյին ու Ուոլցին

09 Ապրիլի 2025, 14:51

Քաղաքականություն

ԱՄՆ Կոնգրեսի 25 անդամներից բաղկացած հայկական հարցերով հանձնախումբը Բաքվում պահվող հայերին ազատ արձակելու և Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը պաշտպանելու հարցով երկկուսակցական նամակ է ուղարկել պետքարտուղար Մարկո Ռուբիոյին և ազգային անվտանգության խորհրդական Մայքլ Ուոլցին։

Կոնգրեսականները պահանջել են՝ «նպաստել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ բանտարկյալների ազատ արձակմանը և Հարավային Կովկասում ամերիկյան ներգրավվածության ընդլայնման շրջանակում ամրապնդել ԱՄՆ քաղաքականությունը՝ պաշտպանելով Հայաստանի ինքնիշխանությունն ու անվտանգությունը»։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի փոխանցմամբ՝ նամակը կազմվել է Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարներ Ֆրենկ Փալոնի, Դեյվիդ Վալադաունի, Բրեդ Շերմանի և Գաս Բիլիրակիսի գլխավորությամբ։

Հանձնախմբի անդամները կոչ են արել ամերիկյան ղեկավարությանը՝ ջանքեր գործադրել ադրբեջանական ագրեսիան դադարեցնելու և Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղության հասնելու խոչընդոտները հաղթահարելու ուղղությամբ՝ շեշտելով ամերիկյան անմիջական և կոնկրետ ներգրավվածության անհրաժեշտությունը՝ կանխելու խաղաղության գործընթացի հետընթացը և նպաստելու հայ գերիների ազատ արձակմանը: