ԱՄՆ Կոնգրեսում կոչ են արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի առաջնորդի նկատմամբ և օգնել արցախցիների վերադարձին հայրենիք

18 Սեպտեմբերի 2025, 12:21

Քաղաքականություն

ԱՄՆ Կոնգրեսի անդամները կոչ են արել ամերիկյան իշխանություններին պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նախագահի դեմ և միջոցներ ձեռնարկել՝ նպաստելու Արցախի բնակիչների վերադարձին իրենց պատմական հայրենիք:

«Եզրակացությունն այն է, որ Արցախի ժողովուրդն իրավունք ունի վերադառնալ, վերադարձնել իր հողերը, պահանջել վնասի հատուցում, եթե ցանկանա։ Դա պետք է լինի Հայաստանի հետ ցանկացած համաձայնագրի մաս։ Անհրաժեշտ են պատժամիջոցներ (Իլհամ) Ալիևի և այդ ցեղասպանությունն իրականացրած առաջնորդների դեմ»,-հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի «Հայկական խմբի» համանախագահ Ֆրենկ Փալոնեն Վաշինգտոնի Կապիտոլիումի բլուրում Ադրբեջանի կողմից Արցախի ցեղասպան էթնիկ զտման 2-րդ տարելիցի կապակցությամբ ANCA-ի կազմակերպած միջոցառման ժամանակ:

Իր հերթին կոնգրեսական Բրեդ Շերմանը Արցախի դեմ Ադրբեջանի արշավն անվանել է «մեր ժամանակների խոշորագույն հումանիտար ճգնաժամերից մեկը» և կոչ է արել իր գործընկերներին դադարեցնել Ազատության ակտի 907-րդ ուղղման չեղարկումը, որը նախատեսում է Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնության արգելք: