ԱՄՆ ՄԶԳ-ն լրացուցիչ աջակցություն կտրամադրի ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց

31 Հունվարի 2024, 18:18

Քաղաքականություն

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) 1 միլիոն ԱՄՆ դոլարի լրացուցիչ աջակցություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգնության շնորհիվ Լեռնային Ղարաբաղից տեղահանված 19 հազար 300 անձ առաջնային մարդասիրական օգնություն կստանա՝ ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ գործող «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի միջոցով, որն իրականացնում է «Դիմոքրըսի Ինթերնեյշնլ» կազմակերպությունը:

«2023 թվականի սեպտեմբերի վերջից ԱՄՆ ՄԶԳ-ն տրամադրել է 9,27 միլիոն ԱՄՆ դոլար՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններից տուժածներին: Այս միջոցներն օգտագործվում են, որպեսզի  տեղահանված անձինք կարողանան հաղթահարել բռնության և զանգվածային տեղահանման պատճառած տառապանքները»,- ասել է ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի առաքելության փոխտնօրենի պաշտոնակատար Մեթյու Լեյրդը՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հետ հանդիպման ժամանակ: