ԱՄՆ-ն Ադրբեջանին կրկին կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով ազատ երթևեկությունը

16 Օգոստոսի 2023, 11:40

Քաղաքականություն

Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը օգոստոսի 15-ին ճեպազրույց է ունեցել, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի, խոսել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մասին։ Պատասխանելով «Թուրան» գործակալության հարցին, թե գլխագրերը հուշում են, որ լարվածությունը խորանում է, չնայած խաղաղություն հաստատելու ԱՄՆ ջանքերին. որքանո՞վ է վատ իրավիճակը, Պատելն ասել է.

«Մենք խորապես մտահոգված ենք մնում Լաչինի միջանցքը շարունակական փակ մնալու կապակցությամբ, հատկապես որ այն փակ է առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների համար։ Հումանիտար երթևեկության դադարեցումը, մեր կարծիքով, վատթարացնում է հումանիտար իրավիճակն ու խարխլում խաղաղ գործընթացում վստահություն կառուցելու գործադրվող ջանքերը։ Մենք Ադրբեջանի կառավարությանը կոչ ենք անում վերականգնել առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների ազատ երթևեկությունն այդ միջացքով»։

Պետդեպարտամենտի փոխխոսնակը նշել է՝ ԱՄՆ-ն ակնկալում է, որ չորեքշաբթի Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում սպասվող քննարկումները շարունակական կլինեն։ Սակայն պաշտոնյան չի մանրամասնել, թե այդ հարցով ՄԱԿ-ում ինչ դիրքորոշում ունի Միացյալ Նահանգները, շեշտելով՝ չի պատրաստվում հանդիպումից առաջ ընկնել։

«Մենք հետևողականորեն ընդգծել ենք և կրկնել, որ ուղիղ երկխոսությունը կարևոր նշանակություն ունի՝ լուծելու այդ երկարատև հակամարտությունը։ Կարծում ենք՝ ցանկացած ներգրավվածություն, որն ի վերջո խաղաղություն և կայունություն կբերի Հարավային Կովկասի ժողովրդին, լավ կլինի և դրական քայլ առաջ»,-նշել է Պատելը։