ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղությանը․ Ջեյմս Օ՛Բրայեն
12 Հունվարի 2024, 12:16
Ամերիկայի Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղությանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը։
«Մենք աջակցում ենք խաղաղության համաձայնագրին, Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղությանը։ Մեզ շատ է ոգեշնչում այն, որ նրանք շարունակում են երկկողմ հագեցած օրակարգ ունենալ և հասցեագրել այն խնդիրները, որոնք կան նրանց միջև։ Դեռ աշխատանք կա անելու, և մենք պատրաստ ենք աջակցել՝ ինչով կարող ենք։ Մենք երկու երկրների հետ էլ լիարժեք հարաբերություններ ունենք, որոնք ներառում են տնտեսական կապերը, կապերն անվտանգության և քաղաքական ոլորտներում։
Մենք ցանկանում ենք, որ երկու երկրներն էլ շահեն խաղաղության համաձայնությունից, և մենք կաշխատենք այդ ուղղությամբ այն ճանապարհով, որն ամենաընդունելին կլինի։ Ես կարծում եմ, որ սա երկու կառավարությունների համար հերթական մեծ հնարավորությունն է ավելին անելու իրենց ժողովուրդների համար»,- հայտարարել է Օ’Բրայենը։
Նա հավելել է, որ Հայաստանում բարեփոխումների օրակարգը շատ տպավորիչ է։
Խոսելով Ադրբեջանի մասին՝ Օ’Բրայենը նախ հիշատակել է այդ երկրում առաջիկայում պլանավորված նախագահական արտահերթ ընտրությունների մասին, ապա ասել, որ կարող է խոսել այն դերի մասին, որ Ադրբեջանը ցանկանում է ունենալ տարածաշրջանի տնտեսական զարգացման հարցում։ ԱՄՆ պետքարտուղարի օգնականն ընդգծել է, որ խաղաղության համաձայնությունը կնպաստի այդ պլանների իրականացմանը։
«Հիմա մենք կցանկանայինք հնարավորություն ունենալ քննարկելու օրակարգի բոլոր հարցերը երկու երկրների հետ՝ սկսած մեր մտահոգություններից որոշ անձանց ձերբակալված լինելու առնչությամբ, վերջացրած երկկողմ հարցերից։ Մենք առաջ գնալու դեպքում լիարժեք օրակարգ կունենանք։ Բայց այս ամենը տեղի է ունենում երկու երկրների միջև ամուր և արժանապատիվ խաղաղության հաստատմանն աջակցելու լույսի ներքո»,- ասել է Ջեյմս Օ՛Բրայենը։