ԱՄՆ-ն այժմ Ռուսաստանին նայում է որպես մրցակից, բայց ոչ թշնամի. Պավել Դուբրավսկի
18 Փետրվարի 2025, 23:30
Քաղտեխնոլոգ, «Դուբրավսկի Քոնսալթինգ»-ի ղեկավար Պավել Դուբրավսկին Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններին, որոնք ընթանում են Էր Ռիադում:
«Կարծում եմ, որ չպետք է մեծ ակնկալիքներ ունենալ։ Պետք չէ ակնկալել, որ այժմ աշխարհը կփոխվի, առավել ևս՝ հարաբերությունների միջազգային համակարգը, որովհետև, առաջին հերթին, մենք տեսնում ենք, որ ամերիկյան կողմը չի ներառում եվրոպական կողմը։ Սա շատ կարևոր է։ Եվրոպական կողմը դիմադրում է դրան։ Մակրոնը (Ֆրանսիայի նախագահ) Եվրամիության երկրների ներկայացուցիչների հրատապ նիստ է հրավիրել: Լուր տարածվեց այն մասին, որ Եվրամիությունը կշարունակի պատժամիջոցներ կիրառել, և ինձ թվում է, որ դա առանցքային է, ինչը հաստատ պետք է արձանագրել։
Երկրորդ, ինչ վերաբերում է այդ բանակցություններին, ես, այնուամենայնիվ, դրանք կդիտարկեի որպես զրոյական փուլ։ Սա բանակցությունների նախապատրաստում է, որտեղ կողմերը կհասկանան, թե ինչ են պատրաստ քննարկել և ինչ ձևաչափով են բանակցություններն ընթանալու։
Բացի այդ, ես խորհուրդ կտայի բոլորին ուշադրություն դարձնել, որ նման բանակցություններն անցկացվում են երկու ձևաչափով։ Առաջինը ֆորմալ է, դա այն է, ինչ մենք կտեսնենք հեռուստատեսությամբ, բոլոր լրատվամիջոցներով, իսկ երկրորդը՝ ոչ ֆորմալ: Եվ ավելի կարևոր է ուշադրություն դարձնել ոչ ֆորմալ մոտեցմանը, քանի որ մենք, ամենայն հավանականությամբ, չենք տեսնի այն և դրա մասին կիմանանք միայն դրանից հետո», — ասել է Դուբրավսկին:
Քաղտեխնոլոգի խոսքով՝ ԱՄՆ-ն այժմ Ռուսաստանին դիտարկում է որպես մրցակից, որպես տարբեր շահեր ունեցող հակառակորդ տարածաշրջանում, բայց ոչ թշնամի։
«Եթե այս բանակցությունները դիտարկենք որպես դրական միտում, ապա արժե այն դիտարկել ժամանակի համատեքստում։ Նախ, մենք տեսնում ենք, որ իսկապես ՝ ԱՄՆ-ն այժմ Ռուսաստանին նայում է որպես մրցակցի, որպես տարածաշրջանում հակառակորդ՝ տարբեր շահերով, բայց ոչ թշնամի։ Սա առաջին բանն է, որ պետք է հաշվի առնել:
Երկրորդ՝ Դոնալդ Թրամփն այն մարդն է, ով առաջնորդվում է հետևյալ սկզբունքով. «Առաջին հերթին Ամերիկան, իսկ հետո այլ երկրների շահերը»։
Եվ երրորդ՝ Դոնալդ Թրամփը իշխանության է 4 տարի ժամկետով։ Ռուսական կողմն արդեն սովոր է, որ 4 տարին մեկ ԱՄՆ-ի մոտեցումը Ռուսաստանի նկատմամբ կարող է արմատապես փոխվել։ Մենք դա տեսել ենք նաև Օբամայի օրոք (ԱՄՆ նախկին նախագահ), մենք տեսել ենք Թրամփին, ով իր նախորդ պաշտոնավարման սկզբում դրական էր վերաբերվում Ռուսաստանին, իսկ հետո ավելի շատ պատժամիջոցներ սահմանեց, քան Բարաք Օբաման։ Եվ մենք դա տեսանք Բայդենի (ԱՄՆ նախկին նախագահ) օրոք, որը 2022 թվականից որոշել է ընտրել չհաղորդակցելու քաղաքականություն։ Նա գործնականում ոչ մի կապ չի հաստատել:
Հետևաբար, ես բավականին թերահավատորեն կվերաբերվեի դրան, և ավելի լավ է ակնկալել, իհարկե, ամենավատը, քան հուսալ, որ ամեն ինչ կլուծվի, և ԱՄՆ-ը կտրուկ կվերանայի իր վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ։ Բայց սա իսկապես ԱՄՆ-ի կողմից կառուցողական քայլ է դեպի Ռուսաստան և կարելի է դրական գնահատել», — եզրափակել է Դուբրավսկին։