ԱՄՆ-ն ցանկանում է Հայաստանը դարձնել հակառուսական հենակետ. Անդրեյ Կլիմով

07 Նոյեմբերի 2024, 22:00

Կարծիք | Քաղաքականություն

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով կոմիտեի փոխնախագահ Անդրեյ Կլիմովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյի հայտարարությունն այն մասին, որ ԱՄՆ-ը նախապատրաստում է Հայաստանը դեպի Արևմուտք վերակողմնորոշելու գործողություն:

«Կարծում եմ, որ այդ հայտարարությունը հիմնավորված է։ Ես պատրաստ եմ լիովին համաձայնել Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության այս հաղորդագրությանը և ավելացնել, որ մենք ինքներս և՛ կուսակցական դիվանագիտության, և՛ խորհրդարանական դիվանագիտության գծով, ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հանդիպումների ժամանակ բազմիցս զգուշացրել ենք մեր հայ գործընկերներին նման սպառնալիքների և Վաշինգտոնի ցանկության մասին: Համենայնդեպս, Հայաստանը Կովկասում հակառուսական հենակետ դարձնելու ցանկություն եղել է մինչև վերջերս», — ասել է Կլիմովը։

Նրա կարծիքով՝ տասնամյակներ շարունակ Միացյալ Նահանգները գիտակցաբար Ռուսաստանի շուրջ լարվածության գոտիներ է ստեղծել։

«Մենք տեսնում ենք այդ սպառնալիքը, դրա մասին անկեղծորեն խոսում ենք մեր հայ գործընկերների հետ, նրանց, ում հետ մենք հարաբերություններ ունենք, և կարծում ենք, որ դա առաջին հերթին կվնասի Հայաստանին և նրա ժողովրդին։ Իսկ թե ինչ քաղաքականություն կընտրի ԱՄՆ-ը Թրամփի երդմնակալությունից հետո (ԱՄՆ ընտրված նախագահ), սպասենք և կտեսնենք։ Ամեն դեպքում, ԱՄՆ-ում դեռ կան մարդիկ, որոնք կարծում են, որ որքան բարդ է կյանքը Ռուսաստանում, այնքան լավ: Տասնամյակներ շարունակ Միացյալ Նահանգները գիտակցաբար լարվածության գոտիներ է ստեղծել մեր շուրջը, որպեսզի, ինչպես իրենք են ասում, այդ խնդիրներով ծանրաբեռնեն Ռուսաստանը և ազատվեն մեզանից՝ որպես աշխարհաքաղաքական մրցակից։ Նման ռազմավարություն Վաշինգտոնն իրականացրել է տասնամյակներ շարունակ», — եզրափակել է Կլիմովը։