ԱՄՆ-ն երբեք չի գնա Ադրբեջանի դեմ. ամերիկագետը՝ Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության հեռանկարների մասին
06 Փետրվարի 2024, 21:30
Քաղաքագետ, ԱՄՆ-ում քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Միխայիլ Թիլմանը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության հեռանկարը:
Փորձագետի կարծիքով՝ ԱՄՆ-ը ցանկություն ունի համագործակցել Հայաստանի հետ պարզապես այն պատճառով, որ Ամերիկայի ռազմավարական նպատակը Ռուսաստանին վնասելն է։
«Հայաստանի և ԱՄՆ-ի համագործակցության մասին խոսելիս պետք է հասկանալ, որ մի բան է ցանկությունը, այլ բան՝ հնարավորությունը։ Հայաստանի հետ աշխատելու ցանկություն Միացյալ Նահանգներն, անշուշտ, ունի, բայց խնդիրը հնարավորությունների մեջ է։ Ցանկությունը պայմանավորված է նրանով, որ ԱՄՆ-ի ռազմավարական նպատակը Ռուսաստանին վնաս պատճառելն է։ Եվ հենց Կովկասից մուտքը շատ հարմար է ԱՄՆ-ի համար։ Հատկապես հաշվի առնելով, որ Ռուսաստանն արդեն իսկ հակամարտության մեջ է Ուկրաինայի հետ։ Ռուսաստանի հարավային սահմաններին լրացուցիչ լարվածությունը միանշանակ օգուտ է ամերիկյան տեսանկյունից։ Իսկ եթե վերցնենք հարավային սահմանները, ապա դա Վրաստանն է, Հայաստանն ու Ադրբեջանը։ Ադրբեջանը, բնականաբար, հարմար չէ, դա Թուրքիայի հետնամասն է, ուստի առանց թույլտվության, առանց Թուրքիայի իմացության, առանց թուրքերին դրա համար ինչ-որ բան տալու, Միացյալ Նահանգները չի կարող մտնել այնտեղ։ Վրաստանը բարդ դրության մեջ է և մի շարք պատճառներով չի կարող իրեն թույլ տալ էլ ավելի փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, դրանք առանց այդ էլ փայլուն չեն, թեև այնտեղ դիվանագիտական հարաբերություններ չկան։ Ուստի մնում է մուտքը Հայաստանով։ Երևանը շատ գրավիչ է Ամերիկայի համար, հատկապես հաշվի առնելով, որ Ամերիկայում բավականին մեծ հայկական սփյուռք կա։ Բայց արդյոք ԱՄՆ-ն ունի հնարավորություններ, դա այլ հարց է», — նշել է Թիլմանը։
Քաղաքագետի խոսքով՝ «եթե վերցնենք աշխարհի տարբեր մասերում ամերիկյան ներկայության պատմությունը, մենք շատ լավ գիտենք, թե ինչով էր այն ավարտվում, նրանք պարզապես շրջվում էին ու հեռանում»:
«Միացյալ Նահանգների ռեսուրսները տարածված են ամբողջ աշխարհում։ Արդեն կա ռուս-ուկրաինական հակամարտություն, մերձավորարևելյան հակամարտություն և գումարած ԱՄՆ-ի ներքին խնդիրները։ Ուստի Հայաստանին օգնելու հնարավորություններն ամերիկացիների մոտ շատ ավելի սահմանափակ են, քան նրանք կցանկանային և վախենում եմ՝ շատ ավելի քիչ, քան կցանկանար Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Փաշինյանի հայտարարություններն ավելի շատ պատրանք են, քան հույս։ Եթե վերցնենք աշխարհի տարբեր մասերում ամերիկյան ներկայության պատմությունը, մենք շատ լավ գիտենք, թե ինչպես է այն ավարտվել։ Վերցրեք Աֆղանստանը, Իրաքը, Վիետնամը 60-70-ականներին: Միացյալ Նահանգների գրեթե բոլոր փորձերը ինչ-որ կառավարությունների հետ այս կամ այն կերպ սերտորեն համագործակցելու, նրանց աջակցելու համար ավարտվում էին նրանով, որ, ի վերջո, իրավիճակը փոխվում էր Միացյալ Նահանգներում: Այս կամ այն պատճառով նրանք շրջվում էին և հեռանում», — ասել է Թիլմանը։
Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ դիմակայությանը, ապա, ըստ փորձագետի, պետք է հասկանալ, որ Միացյալ Նահանգները երբեք չի գնա Ադրբեջանի դեմ:
«Նախ՝ Ադրբեջանն ու ԱՄՆ-ը լավ հարաբերություններ ունեն։ Երկրորդ՝ կա Թուրքիայի հսկայական ազդեցությունը, որը նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցն է։ Երրորդ՝ Ադրբեջանը նավթի խոշոր արտահանող է, իսկ դա նրան կշիռ է ավելացնում համաշխարհային ասպարեզում։ Եթե Փաշինյանը հույս ունի, որ ԱՄՆ-ը հիմա կգա և գործ կունենա ադրբեջանցիների հետ, կօգնի Հայաստանին, ապա դա պարզապես ֆանտաստիկայի ոլորտից է։ Սա բոլորովին անիրատեսական ենթադրություն է։ Մարդն ապրում է պատրանքների աշխարհում։
Եվ ամենակարևոր պահն այն է, որ պետք է հիշել մի պարզ բան. ամերիկացիներն ընդհանրապես ոչ մի փորձ չունեն, թե ինչպես մասնակցել Կովկասի քաղաքական կյանքին։ Սա շատ հին և շատ բարդ շրջան է։ Ես միշտ խորհուրդ եմ տալիս իմ հայ ընկերներին չմոռանալ, որ Ամերիկան հեռու է, իսկ Ռուսաստանը՝ մոտ», — եզրափակել է Թիլմանը։