ԱՄՆ-ն հավատում է՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում հնարավոր է հասնել խաղաղության. Պետքարտուղարության խոսնակ
28 Հունիսի 2023, 13:45
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն հավատում է՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում հնարավոր է հասնել խաղաղության.
«Շարունակում ենք հավատալ, որ հնարավոր է հասնել խաղաղության: Նախկինում ևս հյուրընկալել ենք երկու կողմերին, իսկ պետքարտուղարը մի շարք առիթներով զրուցել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Կարծում ենք, որ այս շաբաթվա հանդիպումները կարևոր են, ու կարևոր է, որ առաջընթաց գրանցվի»,- նշել է Միլլերը:
Ամերիկացի դիվանագետը դրական է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի ջանքերը՝ խաղաղ գործընթացում արդյունավետորեն ներգրավվելու համար և հավելել, որ ԱՄՆ-ն կշարունակի օգնել նրանց ամեն կերպ, ինչպես կարող է:
Հիշեցնենք, որ ամերիկյան միջնորդությամբ՝ Վաշինգտոնում տեղի ունեցող հայ-ադրբեջանական բանակցությունները՝ երկկողմ հարաբերություների կարգավորման և խաղաղության համաձայնագրի շուրջ, կավարտվեն վաղը՝ հունիսի 29-ին:
Նշենք, որ գիշերը ադրբեջանական կողմը ժամը 01:30-ից հրետանային միջոցներից կրակ է բացել Մարտունու և Մարտակերտի հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ։
Հայկական կողմն ունի 4 զոհ:
Իսկ Արցախի Ազգային ժողովը այսօր հրավիրված նիստի ժամանակ Հայաստանին կոչ է արել դադարեցնել բանակցությունները Ադրբեջանի հետ: