Բանաձևի նախագիծ մենք չենք տեսել. ԱՄՆ-ը հերքում է ՄԱԿ-ի ԱԽ-ում ԼՂ-ի վերաբերյալ բանաձևի ընդունումը խոչընդոտելու լուրերը
23 Օգոստոսի 2023, 14:55
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը հերքել է լուրերն այն մասին, թե ԱՄՆ-ն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ երկրների վրա ճնշում է գործադրում, որպեսզի ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի վերաբերյալ քննարկումների արդյունքներով բանաձև չստորագրեն։
Միացյալ Նահանգների դեսպանատունը թեմային անդրադարձել է՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին։
Հարց․ Պատրաստվո՞ւմ է ձեր երկիրը բանաձևի նախագիծ ներկայացնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի օգոստոսի 16-ի հրատապ նիստից հետո։
Պատասխան․ Անցյալ չորեքշաբթի Լեռնային Ղարաբաղի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ, դեսպան Լինդա Թոմաս-Գրինֆիլդի նախագահությամբ Խորհուրդը քննարկեց ընթացիկ հումանիտար իրավիճակին վերաբերող հարցերը։
Բանաձևի նախագիծ մենք չենք տեսել, և այն պնդումները, թե Միացյալ Նահանգները անդամ երկրներին ճնշում է չստորագրել բանաձև, բացարձակ կեղծիք են։
Ինչպես նշված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում մեր հայտարարության մեջ, Լեռնային Ղարաբաղի հումանիտար իրավիճակը շարունակում է մեզ խորապես մտահոգել, և մենք Ադրբեջանի կառավարությունը քաջալերում ենք շուտափույթ բացել Լաչինի միջանցքը հումանիտար, կոմերցիոն և մասնավոր փոխադրումների համար։