ԱՄՆ-ը հետ է կանչում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին
22 Դեկտեմբերի 2025, 10:18
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել հետ կանչել Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին, գրում է Associated Press-ը:
Նշվում է, որ հետ են կանչվելու աշխարհի շուրջ 30 երկրների դեսպաններ և բարձրաստիճան դիվանագետներ, այդ թվում ՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանը: Ինչպես հստակեցրել է գործակալության աղբյուրը, դիվանագետների լիազորությունների ժամկետն ավարտվում է 2026 թվականի հունվարին:
Հաղորդվում է նաև, որ դիվանագիտական ներկայացուցչությունները կադրային փոփոխությունների մասին տեղեկացվել են անցյալ շաբաթ: AP-ն հիշեցրել է, որ պաշտոնից հեռացող բոլոր դեսպանները նշանակվել են նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք: ԱՄՆ նոր դիվանագիտական ռազմավարությունը ենթադրում է այնպիսի անձնակազմի ներգրավում, որը լիովին պաշտպանում է Դոնալդ Թրամփի՝ «Ամերիկան առաջնահերթ է» կարգախոսը:
Գործակալությունը նաև հստակեցրել է, որ դեսպանները չեն կորցնի իրենց պաշտոնները դիվանագիտական ծառայությունում, սակայն կվերադառնան Վաշինգտոն՝ «ցանկության դեպքում այլ առաջադրանքներ կատարելու համար»: Պետքարտուղարությունը հայտարարել է, որ դեսպանը նախագահի «անձնական ներկայացուցիչն է, և նախագահն իրավունք ունի ապահովել այնպիսի անձանց ներկայացվածությունը այդ երկրներում, որոնք առաջ են մղում «Ամերիկան առաջնահերթ է» ծրագիրը»: