ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել շտապ հեռանալ Իրանից, այդ թվում՝ Հայաստանի տարածքով
13 Հունվարի 2026, 10:28
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել «հենց հիմա հեռանալ» Իրանից՝ նշելով, որ երկրում ցույցերը մեծ թափ են ստացել, արգելափակվել է ինտերնետի հասանելիությունը, փակվել են ճանապարհները, իսկ ավիաընկերությունները սահմանափակել կամ չեղարկել են թռիչքները դեպի Իրան և այդ երկրից դուրս։ Որպես Իրանից հեռանալու տարբերակ առաջարկվում է նաև Հայաստանի տարածքը։ Այս մասին հաղորդագրություն է տարածվել Իրանում ԱՄՆ վիրտուալ դեսպանատան կայքում։
«Իրանից հեռացեք հենց հիմա։ Ունեցեք Իրանից հեռանալու ծրագիր, որը չի հենվում ԱՄՆ կառավարության օգնության վրա։ Եթե չեք կարող հեռանալ, գտեք ապահով վայր ձեր բանակարանի ներսում կամ այլ ապահով շենքում….. Խուսափեք ցույցերից», — նշված է հաղորդագրության մեջ։
Նաև նշվում է, որ ԱՄՆ կառավարությունը չի կարող ապահովել Իրանը լքող ԱՄՆ քաղաքացիների անվտանգությունը։
«ԱՄՆ քաղաքացիները պետք է ակնկալեն ինտերնետի շարունակական խափանումներ, ծրագրեն հաղորդակցության այլընտրանքային միջոցներ, իսկ եթե ապահով է, դիտարկեն ցամաքով Իրանից հեռանալու տարբերակը դեպի Հայաստան կամ Թուրքիա…. Երկուշաբթի՝ հունվարի 12-ի դրությամբ Հայաստանի ցամաքային սահմանը Ագարակ/Նորդուզ հատվածում բաց է», — հայտնել է դեսպանատունը։
Նշվում է, որ բացի Հայաստանից և Թուրքիայից, բաց են նաև Թուրքմենստանի ցամաքային սահմաները, իսկ Ադրբեջանի տարածքով լքելու հրատապ կարիքի դեպքում ԱՄՆ քաղաքացիները պետք է հաշվի առնեն, որ Իրանից Ադրբեջան մուտքը սահմանափակված է եղել ԱՄՆ քաղաքացիների համար լարված ժամանակաշրջաններում, օրինակ՝ 2025 թ. հունիսին Իրանի և Իսրայելի միջև հակամարտության ժամանակ։
Իրանում հակակառավարական ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ից ազգային արժույթի աննախադեպ անկման և մեծ գնաճի պատճառով։ Ցույցերի ընթացքում զոհերի թիվն, ըստ իրավապաշտպան խմբերի, գերազանցել է 600-ը։ Նրանց թվում կան տասնյակ իրավապահներ։