ԱՄՆ-ն ու ԵՄ-ն ցանկություն ունեն ներթափանցել Հարավային Կովկասի տարածաշրջան. Սերգեյ Լավրով

Մենք դեմ չենք, որ միջազգային մյուս խաղացողներն իրենց ուժերը փորձեն միջնորդության մեջ, կարեւորն այն է, որ այդ միջնորդությունը հետապնդի հայ եւ ադրբեջանցի ժողովուրդների ու պետությունների շահերի հավասարակշռությունն արտացոլող համաձայնագրերի ապահովման նպատակ։ Այս մասին այսօր՝ հունիսի 20-ին, Մինսկում ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

«Ցավոք, այն, ինչ անում են ԱՄՆ-ն ու Եվրամիությունը, մենք տեսնում ենք ոչ թե համաձայնության հասնելու հարցում օգնելու ցանկություն, այլ ցանկություն՝ ներթափանցել տարածաշրջան, դուրս մղել Ռուսաստանի Դաշնության օրինական շահերը եւ ինքնահաստատվել որպես ինչ-որ ուժեր, որոնք այստեղ գրեթե որոշիչ դեր են խաղալու»,- նշել է Սերգեյ Լավրովը:

Ռուսաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ Արեւմուտքը Հարավային Կովկասում ընդլայնվելու ցանկություն ունի, որը, սակայն, հեռու է ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության սահմաններից։

«Դա քիչ կապ ունի իրավիճակի կայունացմանն օգնելու անկեղծ ցանկության հետ: Երեւանի եւ Բաքվի մեր գործընկերները, հուսով եմ, հասկանում են սա: Համենայնդեպս, մենք բաց քննարկում ենք տեղի ունեցողը: Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ համաձայնության հասնել հնարավոր է բացառապես երեք երկրների ղեկավարների կողմից ստորագրված երեք հայտարարությունների իրագործմամբ»,- ասել է Սերգեյ Լավրովը: