ԱՄՆ նախագահի թեկնածուները դատապարտել են Ադրբեջանի կողմից արցախահայերի էթնիկ զտումը. Եղիսաբեթ Չուլջյան
21 Նոյեմբերի 2023, 21:30
Հայաստանի դատի հանձնախումբը շարունակում է աշխատել ԱՄՆ նախագահի բոլոր թեկնածուների հետ: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասաց ANCA հասարակայնության հետ կապերի պատասխանատու Եղիսաբեթ Չուլջյանը:
«Մեկ տարի է մնացել Ամերիկայի նախագահական ընտրություններին, և Հայ դատի հանձնախումբը շարունակում է աշխատել բոլոր թեկնածուների հետ: Մենք ամեն ինչ անում ենք հասկանալու նրանց տեսակետը արցախյան հարցի շուրջ, Հայաստանի ապահովության հարցի շուրջ, և արդյոք նրանք հասկանում են՝ ինչ հսկայական մարտահրավերներ է նետել Ադրբեջանը Հայաստանին»,- ասել է Չուլջյանը:
Նրա փոխանցմամբ՝ նախորդ օրերին հանդիպում է տեղի ունեցել նախագահի թեկնածուների հետ և նրանք դատապարտել են Ադրբեջանին և նրա վարած քաղաքականությունը:
«Խոսելով արցախյան հարցի մասին՝ հանրապետական երեք թեկնածուներն էլ դատապարտել են Ադրբեջանին և նրա վարած քաղաքականությունը: Թեկնածուներից մեկը նշեց, որ Արցախի հարցը պետք է հաճախ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում լինի: Նա շեշտել է, որ ԱՄՆ-ն պետք է դադարի Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադել, և անի ամեն ինչ, որ արցախցիները վերադառնան իրենց պատմական հայրենիք և ապահով ապրեն: Նրանից բացի ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Նիկի Հեյլին ևս դատապարտել է Ադրբեջանի քայլերը արցախահայության դեմ: Սրանք այն փոքր քայլերն են, որ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն անում է՝ հասկանալու թեկնածուների վերաբերմունքը Արցախի հարցի շուրջ, և շարունակելու է անել»,- եզրափակել է Չուլջյանը: