ԱՄՆ-ում ապաստան հայցողները կարող են զրկվել աշխատանքի իրավունքից. Թեհմինա Ավագյան
20 Մարտի 2026, 20:00
ԱՄՆ ներգաղթային համակարգում կատարված վերջին փոփոխությունները լուրջ մտահոգություն են առաջացրել հայ համայնքի շրջանում: Alpha News-ի եթերում «Avagyan Law» ընկերության հիմնադիր, փաստաբան Թեհմինա Ավագյանը ներկայացրել է այն վտանգավոր փոփոխությունները, որոնք կարող են արմատապես փոխել հազարավոր ներգաղթյալների կյանքը:
Նրա խոսքով՝ շրջանառվում է մի նախագիծ, որը կարող է ապաստան հայցողներին զրկել օրինական աշխատանքի հնարավորությունից:
«Շատ վտանգավոր նախագիծ է մշակվում: Հաշվի առնելով, որ այդ աշխատանքները կարող են տևել մինչև 3 տարի, ապաստան հայցողների համար աշխատանքի իրավունք ստանալը դառնում է ոչ իրատեսական։ Սա միտումնավոր քայլ է, որպեսզի մարդիկ հուսահատվեն և լքեն երկիրը»,-նշել է Թեհմինա Ավագյանը։
Խոսելով մասնագիտական աշխատանքային վիզաների (H-1B) մասին՝ փաստաբանը մատնանշել է պետական տուրքերի շոկային աճը։ «Եթե նախկինում տուրքը կազմում էր շուրջ 2,000 դոլար, ապա այժմ այն հասել է 100,000 դոլարի»,-հայտնել է նա:
Փաստաբանը պարզաբանել է նաև վերջին շրջանում տարածված այն լուրերը, թե ընտանիքի վերամիավորման վիզաները չեղարկվել են։
«Վիզաները չեն չեղարկվել, դրանք ժամանակավորապես կասեցված են 75 երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար։ Սակայն սա վերաբերում է միայն դեսպանատան փուլին։ Դիմումների ներկայացման գործընթացը շարունակվում է, և ես հորդորում եմ մեր հայրենակիցներին անպայման դիմել, որպեսզի կասեցումը վերացնելուց հետո նրանք լինեն առաջին հերթում»,- նշել է նա։
Ինչ վերաբերում է Գրին քարտի (DV Lottery) խաղարկությանը, Թեհմինա Ավագյանը հաստատել է, որ այն կայանալու է։ Միաժամանակ, ըստ նրա, սահմանվել է 1 դոլար խորհրդանշական վճար և անձնագրային տվյալների պարտադիր պահանջ՝ զեղծարարությունները կանխելու նպատակով։
Մանրամասները՝ տեսանյութում: