ԱՄՆ-ում հասկանում են՝ պատերազմով Ռուսաստանին պարտության մատնել հնարավոր չէ. Տիգրան Խաչատրյան

26 Նոյեմբերի 2025, 20:30

Քաղաքականություն

Միջազգայնագետ Տիգրան Խաչատրյանը Alpha News-ի եթերում անդրադարձել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի մշակած խաղաղության ծրագրին՝ նշելով, որ մամուլում հրապարակված 28 կետից բաղկացած ծրագիրը դժգոհություն է առաջացրել ԵՄ-ում։

«28 կետից բաղկացած առանցքային դրույթները, կարելի է ասել, բավարարում են Մոսկվայի պահանջները, սակայն դժգոհություն են առաջացրել Եվրամիությունում»,- ասել է միջազգայնագետը։

Ըստ նրա՝ տպավորություն է, թե խնդիր է դրված կանգնեցնել ռուսական զորքերի առաջխաղացումը, դիվանագիտորեն բանակցություններ սկսել, այսպես ասած «վերախմբավորվել»՝ տեսնելու, թե ինչ վերջնարդյունք կլինի։

Հարցին՝ Եվրոպան կճանաչի՞ Ուկրաինայի պարտությունը կամ բախման կգնա՞ ՌԴ դեմ, Տիգրան Խաչատրյանը պատասխանել է. «Թրամփի և Հունգարիայի ղեկավարի միջև զրույց տեղի ունեցավ, որի ժամանակ հարց ուղղվեց Հունգարիայի ղեկավարին, թե Ուկրաինան շանս ունի՞ հաղթելու, նա էլ պատասխանեց՝ «հրաշքներ կարող են լինել»։ Այսինքն՝ ԱՄՆ-ում հասկանում են, որ պատերազմով Ռուսաստանին պարտություն մատնել հնարավոր չէ»:

Միջազգայնագետի խոսքով՝ եվրոպացիները կշարունակեն իրենց աջակցությունն Ուկրաինային և ջանք չեն խնայի, որպեսզի թույլ չտան այդ ծրագրի իրագործումը:

Մանրամասները՝ տեսանյութում: