ԱՄՆ-ում միգրանտներին, այդ թվում՝ հայերին, ուղարկում են Ուգանդա․ Թեհմինա Ավագյան

13 Դեկտեմբերի 2025, 00:00

Քաղաքականություն

Միգրացիոն փաստաբան Թեհմինա Ավագյանը Alpha News-ի եթերում խոսել է ԱՄՆ միգրացիոն նոր քաղաքականության մասին։

Նա հայտնել է, որ Սան Դիեգոյում և Սան Ֆրանցիսկոյում շարունակվում են անօրինական միգրանտների ձերբակալությունները, սակայն իշխանությունների քաղաքականությունը փոխվել է։

«Եթե նախկինում ձերբակալվում էին հիմնականում հանցագործություն կատարած անձինք, ապա վերջին մեկ ամսվա ընթացքում թիրախավորվում են անձինք, ովքեր ժամանակին մուտք են գործել ԱՄՆ որևէ վիզայով, սակայն խախտել են դրա ժամկետը (մնացել են ժամկետից երկար)»,- ասել է փաստաբանը։

Նա նաև հայտնել է, որ այդ մարդիկ՝ հետևելով ընթացակարգերին, դիմում են օրինականացման համար (օրինակ՝ ամուսնության կամ ընտանիքի անդամի միջնորդության հիման վրա) և ներկայանում են Գրին քարտի հարցազրույցի, որտեղ էլ տեղի է ունենում ձերբակալությունը։

Փաստաբանը հավելել է, որ նախկինում մարդիկ հեշտությամբ էին Գրին քարտ ստանում, սակայն վերջին շրջանում այդ գործընթացն ավարտվում է ձերբակալությամբ։

«Կալիֆոռնիայում ռեյդերը շարունակվում են»,- ասել է Ավագյանը։

Անդրադառնալով արտաքսման հարցերին՝ փաստաբանը հետաքրքիր բացահայտումներ է արել։ «ԱՄՆ-ն ունի համաձայնագրեր 3-րդ անվտանգ երկրների հետ, ուր կարող է արտաքսել այն մարդկանց, որոնք դատական կարգով ենթակա են դեպորտացիայի կամ չեն ցանկանում վերադառնալ իրենց երկիր։ Կան շատ դեպքեր, որ ԱՄՆ կառավարությունը նրանց Ուգանդա արտաքսելու համար միջնորդություն է ներկայացնում։ ԱՄՆ կառավարության կարծիքով՝ Ուգանդան համարվում է անվտանգ երկիր»,- նշել է Թեհմինա Ավագյանը։

Փաստաբանը նաև ասել է, որ հայերին նույնպես ուղարկում են Ուգանդա։

Մանրամասները՝ տեսանյութում։