ԱՄՆ-ում Փաշինյանը ստացել է միջազգային քարտ բլանշ 2026-ի ընտրությունից առաջ. Հակոբ Բադալյան
11 Օգոստոսի 2025, 15:31
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը Վաշինգտոնում տեղի ունեցած Թրամփ-Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքների մասին 7 կետանոց հռչակագիրը Հայաստանի համար ձեռքբերում չի համարում, ավելին՝ պնդում է, որ Հայաստանը զիջման է գնացել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու հարցում:
«Ակնհայտ է, որ պաշտոնական Երևանը նահանջել է իր նախանշած տարբերակից, որովհետև մինչ այդ հայտարարում էր, որ պատրաստ է ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու վերաբերյալ դիմումը այն նույն օրը, երբ կստորագրվի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը: Բայց խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ, նույնիսկ հայտնի չէ, թե երբ կստորագրվի: Ավելին՝ Ալիևը վաշինգտոնյան հռչակագրից հետո հայտարարում է, որ Հայաստանը տնային աշխատանք ունի կատարելու, պետք է փոխի Սահմանադրությունը, բայց Երևանն արդեն ստորագրել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու դիմումը»,- Alpha News-ի հետ զրույցում ասաց Հակոբ Բադալյանը:
Մինչդեռ Բադալյանը կարծում է, որ վաշինգտոնյան համաձայնագիրը քաղաքական իմաստով ձեռքբերում է Փաշինյանի և նրա կառավարող ուժի համար:
«Փաշինյանը ստացել է մի ակտ, որը 2026-ի ընտրությանն ընդառաջ կարող է ներկայացնել որպես խաղաղության ձեռքբերում: Այդ իմաստով, իհարկե, Նիկոլ Փաշինյանը որոշակի ձեռքբերում ունի: Հիշեցնեմ, որ Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակում արտգործնախարար Արարատ Միրզոյանը գրեթե ուղիղ տեքստով հայտարարել էր, որ Հայաստանի հանրությունն աջակցում է խաղաղության օրակարգի իրենց ջանքերին, բայց եթե դրանք չունենան որևէ արդյունք, ապա հանրությունը կարող է վերադառնալ իր դիրքորոշումներին: Իրենց տրամաբանությամբ ասված՝ հրաժարվի աջակցել այդ օրակարգին: Եվ հիմա Հայաստանի իշխանությանը տրվեց այդ արդյունքը՝ ցույց տալու առնվազն քարոզչական հնարավորությունը: Կարծում եմ՝ Վաշինգտոնում Հայաստանին առնչվող կոնկրետ քաղաքական հանգամանքն այն է, որ Փաշինյանի իշխանությունը ստացել է միջազգային որոշակի քարտ բլանշ 2026-ի ընտրությունից առաջ»,- նշեց քաղաքական մեկնաբանը:
Վաշինգտոնում օգոստոսի 8-ին ստորագրված այդ հռչակագրի 3-րդ կետը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացմանը՝ հիմնված պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգման վրա, տարածաշրջանում ու նրա հարևանությամբ խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը խթանելու նպատակով։
Ըստ Կառավարության, այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով։
Արդյոք այս դեպքում պահպանվելու է Հայաստանի ինքնիշխանությունը: Հակոբ Բադալյանը թերահավատ է, կարծում է, որ այստեղ ինքնիշխանության նվազեցում կա:
«Եթե ինքնիշխանություն ասելով մենք ընկալում ենք, որ մեր տարածքի նկատմամբ իրավունքները տալիս ենք այլ պետության, թե ոչ, ապա այս դեպքում տեսնում ենք, որ խոսվում է բոլոր իրավունքները պահպանելու մասին, բայց միաժամանակ հարց է առաջանում, թե ինչի՞ համար է ստեղծվել այդ անհրաժեշտությունը, որ Հայաստանով անցնող ճանապարհի այդ հատվածի վերաբերյալ լինեն այդպիսի հատուկ քննարկումներ և ինչ-որ լուծումներ փնտրվեն: Ինչո՞ւ այդ ամենը նույնությամբ չի քննարկվել օրինակ, Ադրբեջանով անցնող ճանապարհների դեպքում և ինչո՞ւ այդ ամենի վերաբերյալ արձանագրություններ չկան Ադրբեջանի մասով: Սա ցույց է տալիս, որ Հայաստանով անցնող ճանապարհները դարձել են քննարկման առարկա, բայց ինչո՞ւ պետք է դա դառնար քննարկման առարկա, իսկ Ադրբեջանինը՝ ոչ: Սա թույլ է տալիս եզրակացնել, որ կուլիսային ինչ-որ քննարկումներ են եղել կամ կան, որոնք մեզ հայտնի չեն:
Ավելին՝ տեքստում մատնանշված է, որ Ադրբեջանը ստանում է Հայաստանով անցնող ճանապարհով անխոչընդոտ հաղորդակցություն, բայց հարց է առաջանում, թե ինչո՞ւ Հայաստանը չի ստանում նույն անխոչընդոտ հաղորդակցությունը Ադրբեջանով անցնող ճանապարհներով: Բայց այդ հռչակագրում Հայաստանի վերաբերյալ կա փոխադարձ առավելություններ ձևակերպումը, որն անորոշ է: Նշված է նաև, որ այդ ճանապարհի կառուցման վերաբերյալ Հայաստանն այլ կողմերի ներգրավվածությունը համաձայնեցնում է ԱՄՆ-ի հետ, եթե Հայաստանը իր ինքնիշխան տարածքում գործող ճանապարհի վերաբերյալ որևէ որոշում պետք է համաձայնեցնի ԱՄՆ-ի հետ, ապա սա արդյոք չի նշանակում, որ Հայաստանը առնվազն ինչ-որ մասով կիսում է իր ինքնիշխան իրավազորությունը ԱՄՆ-ի հետ: Այստեղ հարցը ԱՄՆ-ն չէ, եթե Հայաստանն իր որոշումները երրորդ երկրների վերաբերյալ պետք է փոխադարձ համաձայնեցնի որևէ այլ երկրի հետ, սա արդեն ինքնիշխանության նվազեցում է»,- ասաց Հակոբ Բադալյանը: