ԱՄՆ փոխնախագահի այցի հերթականությունը նվազեցնում է ռազմագերիների հարցում ունեցած ակնկալիքները. Ռոբերտ Մարգարյան

09 Փետրվարի 2026, 18:00

Քաղաքականություն

ԱՄՆ փոխնախագահի երկօրյա այցը տարածաշրջան մեկնարկել է այսօր․ նախ նա կգա Հայաստան, ապա կմեկնի Ադրբեջան։ Քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանի գնահատմամբ՝ այցի այս հերթականությունը որոշակի հիասթափություն է առաջացնում ռազմագերիների հարցի հնարավոր լուծման սպասումների առումով։

AlphaNews-ի հետ զրույցում Մարգարյանը նշել է, որ եթե այցն իրականացվեր հակառակ ուղղությամբ՝ նախ Ադրբեջան, ապա Հայաստան, հնարավոր կլիներ ակնկալել, որ փոխնախագահի միջոցով կարող էր արձանագրվել որոշակի առաջընթաց ռազմագերիների վերադարձի հարցում։

«Քանի որ այցը սկսվում է Հայաստանից, ապա այն պատկերացումը, որ ձևավորվել էր, թե հնարավոր է այդ հարցում ինչ-որ արդյունք ունենալ, այժմ մասամբ մարում է»,- նշել է քաղաքագետը։

Միևնույն ժամանակ նա շեշտել է, որ այցն ինքնին չափազանց կարևոր է։

«Հայաստանի անկախության ողջ ժամանակահատվածում սա կարելի է դիտարկել որպես հայ-ամերիկյան հարաբերությունների ամենաբարձր մակարդակի այց՝ գործադիր իշխանության տեսանկյունից։ Այո, նախկինում Հայաստան են այցելել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին, սակայն փոխնախագահի մակարդակով այցը բացառիկ է և բացում է նոր էջ հայ-ամերիկյան հարաբերություններում»,- ընդգծել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում: