ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կոչ է անում Ալիևի վրա ճնշում գործադրել

03 Օգոստոսի 2023, 11:15

Քաղաքականություն

Միացյալ Նահանգների Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Twitter-ի իր պաշտոնական էջում անդրադարձել է Արցախում Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման պատճառով ստեղծված ճգնաժամային իրավիճակին։

Հանձնաժողովը կոչ է անում ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին ճնշում գործադրել Ադրբեջանի նախագահի վրա։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Լեռնային Ղարաբաղի համար փրկօղակ է ծառայել։ Սակայն, հետո Ադրբեջանը կտրեց կենսական սննդի և դեղորայքի այս վերջին աղբյուրը։ Լեռնային Ղարաբաղի պաշարումից անցել է ավելի քան 7 ամիս և այժմ ժամանակն է, որ Ամերիկան ​​և նրա դաշնակիցները ճնշում գործադրեն Ալիևի վրա»,- նշում են հանձնաժողովից՝ ընդգծելով, որ վտանգի տակ են բազմաթիվ մարդկային կյանքեր։

Հիշեցնենք, որ Ադրբեջանը խախտելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թ. դեկտեմբերի 12-ից «բնապահպանների» բողոքի ակցիայի պատրվակով, ապօրինի կերպով արգելափակել է Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ անտեսելով Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի հորդորները եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։ Արցախի շրջափակումը չի դադարեցվել «բնապահպանների» ակցիայի ավարտից հետո:

Ադրբեջանն ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջացնքում, իսկ հունիս 15-ին, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո, Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ՝ ամբողջությամբ զրկվելով բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի 120 հազար քաղաքացիներ զրկված են ազատ տեղաշարժի, անգամ բուժառուներին Հայաստան տեղափոխելու հնարավորությունից ու տարրական կենսապայմաններից: