ԱՄՆ Սենատում ներկայացրել են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների և Հայաստանին ռազմական ֆինանսավորման տրամադրման աջակցության օրինագիծ

22 Սեպտեմբերի 2023, 13:42

Քաղաքականություն

ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը, մի խումբ դեմոկրատ և հանրապետական կոնգրեսականների հետ միասին, օրինագիծ է ներկայացրել, որը կոչվում է «Հայերին ադրբեջանական ագրեսիայից պաշտպանելու» ակտ։

Օրինագծին կից ներկայացված պարզաբանող տեքստում նշվում է, որ օրենսդրությունը պատասխանն է Ադրբեջանի կառավարության գործողություններին, և դրանով նախատեսվում է մարդասիրական օգնություն տրամադրել Լեռնային Ղարաբաղի հայերին՝ «կանխելով անվտանգության լրացուցիչ օգնությունը Ադրբեջանի կառավարությանը և կոչ անելով լրացուցիչ պատասխանատվություն սահմանել հայերի դեմ կատարված ենթադրյալ վայրագությունների համար»։

Փաստաթղթով արտոնվում է․

— ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը 2024 ֆինանսական տարվա համար հատկացնել 30 000 000 ԱՄՆ դոլար՝ մարդասիրական օգնություն տրամադրելու 2020 թ․ Լեռնային Ղարաբաղի պատերազմի, 2022 թ․ սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակման և Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում տուժած խմբերին։

— 2024 ֆինանսական տարվա համար Պետքարտուղարությանը հատկացնել 10 000 000 ԱՄՆ դոլար՝ Հայաստանի Հանրապետության արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրերի աջակցության համար։ Ըստ օրինագծի տեքստի՝ սա պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխան անկախությանը, ԱՄՆ-ի հետ համատեղ վարժանքներին, բարձրացնի ԱՄՆ-Հայաստան փոխգործակցության մակարդակը և վերապատրաստի հայկական ուժերին հետագա միջազգային խաղաղապահ գործողությունների համար։

— Հայաստանի Հանրապետության էներգետիկ ոլորտին աջակցության նպատակով 2024-ից մինչև 2026 ֆինանսական տարիներից յուրաքանչյուրի համար հատկացնել 650 000 000 ԱՄՆ դոլար՝ Հայաստանի և Վրաստանի էլեկտրական ցանցերի սինքրոնիզացման աշխատանքների համար։ 

— 2024-ից մինչև 2028 ֆինանսական տարիներից յուրաքանչյուրի համար հատկացնել 50 000 000 ԱՄՆ դոլար՝ գիտության և տեխնոլոգիաների ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությունը խթանող գործունեության համար:

Օրինագծի ընդունման դեպքում, դրա ընդունման օրվանից հետո ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում ԱՄՆ նախագահը պետք է պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի նախագահի, պաշտպանության նախարարի, պաշտպանական արդյունաբերության նախարարի, պետական սահմանային ծառայության ղեկավարի, արտաքին հետախուզական ծառայության ղեկավարի և այլ պաշտոնյաների նկատմամբ։

Բոբ Մենենդեսն օրինագիծը ներկայացնելիս նշել է, որ «երկկուսակցական այս բանաձևն ամրապնդում է հավաքական աջակցությունը հայերին և ուղերձ հղում Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որ ԱՄՆ-ն ձեռքերը ծալած չի նստի, մինչ Ալիևի վարչակարգը սովի մատնելու և ռազմական գործողությունների դաժան արշավներ է իրականացնում»։