ԱՄՆ խոստումները բլեֆ են. Նիկիտա Մենդկովիչ

12 Հունիսի 2024, 23:56

Քաղաքականություն

Միջազգային հարցերով Ռուսաստանի խորհրդի փորձագետ, Եվրասիական վերլուծական ակումբի ղեկավար Նիկիտա Մենդկովիչը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է այն տեղեկատվությանը, որ Հայաստանն ու ԱՄՆ-ը հարաբերությունները կբարձրացնեն ռազմավարական գործընկերության մակարդակի։

Փորձագետի խոսքով՝ ԱՄՆ-ը ներկայումս լուրջ նախագծերի համար միջոցներ չունի։

«Առաջին հերթին պետք է տարանջատել հայտարարագրերը իրական բովանդակությունից։ ԱՄՆ-ն այժմ միջոցներ չունի լուրջ նախագծերի համար, որոնք կապված չեն Ուկրաինայի և Ռուսաստանի բռնագրավման փորձերի հետ։ Բոլոր միջոցներն ուղղվում են այս ագրեսիվ պատերազմին։ Հետևաբար, պարբերական խոստումները այս կամ այն երկրներին՝ միջոցներ ներդնել ամերիկյան դիրքորոշմանը աջակցելու դեպքում, դա մաքուր բլեֆ է: ՆԱՏՕ-ի երկրները ազատ միջոցներ չունեն և դեռ երկար ժամանակ չեն ունենա»,- ասել է Մենդկովիչը։

Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանի տարածքում ԱՄՆ-ի ակտիվությունը Ռուսաստանի հետ սահմանակից տարածաշրջաններում իրավիճակի ապակայունացման ռազմավարություն է:

«Ինչ վերաբերում է Հայաստանի տարածքում ակտիվությանը, ապա դա Ռուսաստանին սահմանակից շրջաններում իրավիճակն ապակայունացնելու՝ ԱՄՆ ռազմավարության մի մասն է։ Նման փորձեր կան Կենտրոնական Ասիայում, որտեղ վերջին տարիներին տեղի են ունեցել գունավոր հեղափոխությունների ավելի քան հինգ փորձ։ Նույն իրավիճակն է ստեղծվում Անդրկովկասում, որտեղ փորձում են նոր պատերազմ սանձազերծել»,- եզրափակել է Մենդկովիչը։շ