ԱՄՆ-ը դեռևս չունի հաջողված մոդուլային կայանի նախագիծ, և Հայաստանը դիտարկում է որպես փորձադաշտ․ Վահե Դավթյան
24 Փետրվարի 2026, 18:15
Հայաստանի միջուկային էներգետիկայի ոլորտում ներկայիս քաղաքականությունը առաջացնում է մի շարք ռազմավարական և գործնական հարցեր։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը։
Նրա խոսքով՝ երկարաժամկետ հեռանկարում որոշ նախաձեռնություններ կարող են ունենալ տրամաբանություն, սակայն ներկա փուլում կառավարության ընտրած ուղղությունները բավարար հստակություն չեն ապահովում։
Անդրադառնալով այն տեղեկությանը, թե Հայաստանում հնարավոր է ԱՄՆ-ի աջակցությամբ կառուցվի մոդուլային ատոմակայան, Վահե Դավթյանը նշել է, որ ԱՄՆ-ը մոդուլային ատոմակայանի շահագործման փորձ չունի։
«Միջուկային ոլորտում իրականացվող ծրագրերի արդյունավետության հարցերը պայմանավորված են նաև այն հանգամանքով, որ Միացյալ Նահանգներում նման նախագծերը դեռևս բախվում են տեխնիկական, տնտեսական և կոմերցիոն լուրջ խնդիրների։ Ի դեպ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ում կառուցվող առաջին մոդուլային ռեակտորը շահագործման կհանձնվի 2031 թվականին, բայց դա էլ հստակ չէ»,- ասել է փորձագետը։
Նրա խոսքով՝ այս ոլորտում որոշակի փորձ ունեն միայն Ռուսաստանն ու Չինաստանը, սակայն, ըստ նրա, ակնհայտ է, որ միջուկային էներգետիկայի ոլորտում Հայաստանը նախապատվությունը տալիս է Վաշինգտոնին՝ստորագրելով մեկ-երկու համաձայնագիր։
Վահե Դավթյանը հիշեցրել է, որ ԱՄՆ միջուկային ոլորտի գլխավոր կարգավորող մարմնի հրապարակումները նույնպես վկայում են ծրագրերի իրականացման բարդությունների մասին։
«Հաշվի առնելով վերոնշյալը, որ ԱՄՆ-ը դեռևս չունի անհրաժեշտ փորձ, հաջողությամբ իրագործված նախագիծ, կարելի է եզրակացնել, որ ՀՀ-ն արտաքին դերակատարների կողմից դիտարկվում է որպես փորձադաշտ», — նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում: