ԱՄՆ-ը և Ֆրանսիան շատ ակտիվ աշխատում էին, որ Ժոզեֆ Աունն ընտրվի Լիբանանի նախագահ. Շահան Քանդահարյան

14 Հունվարի 2025, 11:37

Քաղաքականություն

Լիբանանի խորհրդարանը քվեարկության երկու փուլերից հետո զինված ուժերի հրամանատար, գեներալ Ժոզեֆ Աունին ընտրել է Լիբանանի նախագահ: Թեմայի վերաբերյալ Alpha News-ը ուղիղ եթերում զրուցել է «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանի հետ:

«Բանակի հրամանատարը իբրև նախագահի թեկնածու վաղուց է առաջադրված, քանի որ ինչպես գիտենք, արդեն 2 տարի է՝ ինչ այդ պաշտոնը թափուր է: Կարծում եմ՝ նախագահի, վարչապետի և Կառավարության կազմի ընտրությունը պայմանավորված է նաև պատերազմի հանգամանքով: Առաջին անգամ չէ, որ զինվորական բարձրաստիճան պաշտոնյան ընտրվում է երկրի նախագահ: Նախկինում նման դեպք եղել են: Նշենք նաև, որ ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան, Ֆրանսիան շատ ակտիվ աշխատում էին, որ Ժոզեֆ Աունին՝ լիբանանյան բանակի հրամանատարն ընտրվի նախագահ: Նա նախկին նախագահի՝ Միշել Աունի հետ որևէ ազգակցական կապ չունի, ուղղակի զուգադիպություն է և ազգանուններն են համընկնում»,- նշել է Քանդահարյանը:

Նրա խոսքով՝ օրհասական, ճակատագրական պահերին լիբանանյան բանակը չպառակտվեց և իրեն վստահված գործառույթները լիարժեք իրականացրեց:

«Բանակն այն կառույցն է, որն ի տարբերություն պետական այլ ինստիտուտների, պահպանում էր իր ամբողջականությունը: Պետք է ընդգծել, որ լիբանանյան բանակն օրհասական, ճակատագրական պահերին բանակը չպառակտվեց, իրեն վստահված գործառույթները լիարժեք իրականացրեց: Նշենք, որ բանակը նաև այլ կարևոր դեր ուներ: Կար պայմանավորվածություն, որ «Հեզբոլլահ»-ի ուժերի հետքաշման դիմաց լիբանանյան բանակը պետք է տեղակայվեր ողջ Իսրայելի սահմանագծով: Ստացվում է՝ բանակին վերապահված էր հսկել լիբանանյան բոլոր սահմանները՝ և՛ ջրային, և՛ ցամաքային»,- եզրափակել է Քանդահարյանը:

Հիմա եթերում