ԱՄՆ-ը հաստատ պատրաստ չէ փոխարինել Ռուսաստանին Հարավային Կովկասի տարածաշրջանում. Մաքսիմ Սուչկով
26 Հունիսի 2024, 23:46
ՌԴ արտաքին գործերի նախարարության Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական համալսարանի տնօրեն, Ամերիկյան հեռանկարային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Մաքսիմ Սուչկովը «Պրիմակովյան ընթերցումներ» 10-րդ միջազգային ֆորումի շրջանակներում Alpha News-ին մեկնաբանել է ԱՄՆ գործունեությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում:
Փորձագետի կարծիքով՝ ԱՄՆ-ն ակտիվորեն աշխատում է Մեծ Եվրասիայի սահմանների ողջ պարագծով։
«Դա պայմանավորված է առաջին հերթին նրանով, որ Միացյալ Նահանգները շատ ակտիվ աշխատում է Մեծ Եվրասիայի սահմանների ողջ երկայնքով։ Նրանց արտաքին քաղաքական պրակտիկան, որը զարգացել է Ջո Բայդենի օրոք (ԱՄՆ նախագահ), ուղղված է ռուսական սահմանների գոտում առավելագույն լարվածություն ստեղծելուն, և մենք դա տեսնում ենք նաև Չինաստանի և Իրանի սահմանների գոտում։
Այսինքն՝ այն ռազմավարական հակառակորդները, որոնց տեսնում են Միացյալ Նահանգները, ընդլայնելով իրենց գործունեությունն ու ազդեցությունը Մեծ Եվրասիայի տարածքում, ճնշում և խնդիրներ են ստեղծում ամերիկյան շահերի համար։ Այս առումով ամերիկացիները հանդես են գալիս մի երկրի դիրքերից, որն, ինչպես իրենց թվում է, պետք է զսպի այդ երկրներին»,- ասել է Սուչկովը։
Նա նաև նշել է՝ չի կարծում, որ սա բոլորովին աննախադեպ է պատմական տեսանկյունից, քանի որ ռուս-ամերիկյան հարաբերությունների կտրուկ վատթարացման շրջանում իրենք միշտ նման ակտիվություն են նկատում։
«Մենք նկատեցինք նաև հայ-ադրբեջանական հակասությունների վրա խաղալու այդ փորձերը։ Պատրա՞ստ են արդյոք ամերիկացիներն իսկապես ներդրումներ կատարել նրանում, ինչ նրանք փորձում են ներկայացնել որպես նոր գործունեություն, իհարկե, մեծ հարց է։ Ես կարծում եմ, որ ամերիկյան քաղաքականությունը ենթակա է ընտրական ցիկլերի։ Բայց իրավիճակը, որն առկա է հարավկովկասյան տարածաշրջանում, իհարկե, որոշակի հնարավորություններ է ներկայացնում ԱՄՆ-ի համար։
Պատմությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը միանշանակ պատրաստ չէ փոխարինել Ռուսաստանին Հարավային Կովկասի տարածաշրջանում այն տեսքով, ինչպես դա, հնարավոր է, կցանկանար ամերիկյան վերնախավի մի մասը։ Ինչ-որ հրապարակային ժեստերի մակարդակով, միգուցե։ Բայց ես չեմ կարծում, որ Վաշինգտոնից եկող այդ հռետորական հայտարարությունների հետևում իսկապես խորը բովանդակություն կա»,- եզրափակել է Սուչկովը։
Նա նաև նշել է, որ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի դեպքում հնարավոր է ԱՄՆ-ի և Թուրքիայի դիրքորոշումների կտրուկ մերձեցում, ինչը կարող է դժվարություններ ստեղծել Հայաստանի համար։