ԱՄՆ-ն կանաչ լույս է վառում արցախահայության ցեղասպանության համար. Գրիգոր Բալասանյան

Միացյալ Նահանգները կանաչ լույս է վառում արցախահայության ցեղասպանության համար: Alpha News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանն՝ անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ դեսպանի հայտարարությանը թե հավատում է, որ Արցախի հայերը անվտանգ եւ խաղաղ կապրեն Ադրբեջանի կազմում:

«ԱՄՆ դեսպանի հայտարարությունը համարում եմ Հայաստանի դիվանագիտական ձախողումը: ԱՄՆ-ում մեր դեսպանության աշխատանքն անբավարար եմ գնահատում: Ունենալով հսկայական լծակներ, լոբբիստական կազմակերպություններ, կոնգրեսականներ, դեսպանությունը չկարողացավ պետդեպարտամենտի հետ այնպիսի բանակցություններ վարել, որ գոնե պաշտոնական մակարդակով, Միացյալ Նահանգները նման հայտարարություն չանի, իսկ դեսպանի հայտարարությունը պաշտոնական հայտարարություն էր»,- ասաց Գրիգոր Բալասանյանը:

Դեսպան Քրիստինա Քվինն անդրադարձել էր նաեւ արցախահայության իրավունքների ու անվտանգության ապահովման ճանապարհը գտնելու անհրաժեշտության մասին հարցին:

Գրիգոր Բալասանյանը կարծում է, որ Արցախի բնակչության անվտանգությունը կարող է ապահովել կա՛մ Պաշտպանության բանակը, կա՛մ էլ ռուսական խաղաղապահ զորախումբը:

«Միացյալ Նահանգները, նման հայտարարություն անելով, կասկածի տակ է դնում ռուս խաղաղապահների գործունեությունը Արցախում եւ հիմք է տալիս Ադրբեջանին պահանջել Ռուսաստանից դուրս հանել խաղաղապահներին Արցախից: ԱՄՆ-ն այս հայտարարությամբ լրջագույն հարվածի տակ է դնում արցախահայությանը եւ կանաչ լույս վառում արցախահայության ցեղասպանության համար, որովհետեւ Արցախի գոյությունը Ադրբեջանի կազմում նշանակում է կոտորած թուրք-ադրբեջանական ավազակամբերի կողմից՝ կրկին Արեւմուտքի լռելյայն համաձայնությամբ, ինչպես եղավ 1915 թվականին»,- նշեց Բալասանյանը:

Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանը կարծիք էր հայտնել նաեւ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի դադարել, ու եթե ապագայում հնարավորություն լինի կառուցողաբար աշխատել, ապա ԱՄՆ-ն դեմ չէ դրան: Քրիստինա Քվինը, սակայն, նշել էր, թե Ռուսաստանն Ուկրաինայում իր ագրեսիվ գործողությունների պատճառով հանդես չի եկել որպես լավ գործընկեր, հետեւաբար ԱՄՆ-ն աշխատում է իր վստահելի գործընկերների հետ:

Իսկ հնարավո՞ր է առանց Ռուսաստանի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի վերագործարկումը, եւ ովքե՞ր են այդ վստահելի գործընկերները, որոնց մասին չխոսեց ԱՄՆ դեսպանը: Գրիգոր Բալասանյանի դիտարկմամբ՝ Մինսկի խմբի ձեւաչափը չի գործի, եթե դրա կազմում Ռուսաստանը չլինի:

«Եթե ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ չի ուզում աշխատել եւ նոր գործընկեր է փնտրում, ապա ո՞վ է լինելու այդ գործընկերը, միգուցե Թուրքիա՞ն, որը տեւական ժամանակ պայքարում էր դառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր: Այս հարցի պատասխանը պետք է դեսպանը տա: Առանց Ռուսասատանի այս հարցի քննարկումը տեղի ունենալ չի կարող եւ տիկին դեսպանը այդ մասին շատ լավ գիտի: Այն, ինչ կատարվում է Ուկրաինայում, թող չփաթաթեն Հայաստանի գլխին, ռուս-ուկրաինական պատերազմը Արեւմուտք-Ռուսաստան հակամարտություն է, հետեւաբար, պետք չէ այս տարածքն օգտագործել որպես պոլիգոն Ռուսաստանի հետ ինչ-որ հարցեր պարզաբանելու համար: Միացյալ Նահանգներն ընդունել է, որ Արցախի հարցի կարգավորումն ունի երեք սկզբունք՝ տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշման իրավունք եւ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում: Հիմա ինչպե՞ս է այս երեք սկզբունքներից մեկն ընտրում, այսինքն՝ ինքը դավաճանու՞մ է իր սկզբունքներին եւ Հայաստանին պարտադրում, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում: Դրանից հետո ո՞վ է դառնում ոչ կառուցողական գործընկեր ԵԱՀԿ Մինսկի խմբում, այս հարցի պատասխանը թող դեսպանը տա, բայց տրամաբանությունը հուշում է, որ հենց ԱՄՆ-ն է դառնում ոչ վստահելի գործընկեր ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում»,- ընդգծեց Գրիգոր Բալասանյանը:

Հիմա եթերում