ԱՄՆ-ը միլիոնավոր դոլարներ է ծախսում անիմաստ պատերազմների, բայց ոչ ներքին խնդիրների վրա․ Արթուր Խաչիկյան
10 Հունվարի 2025, 23:20
Ես բացարձակ դժգոհ եմ դեմոկրատներից, նրանք ավիրեցին Կալիֆորնիան։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը, ով այս պահին գտնվում է Միացյալ Նահանգներում։
«ԱՄՆ-ի հրդեհներն աննախադեպ են, նման բան չէր եղել երբեք։ Ցավակցում եմ բոլոր զոհերի ընտանիքներին։ Սա գլոբալ գործընթացների, կլիմայի փոփոխության հետևանք է։ Ու նոր չէ, որ ջրի պակաս կա Կալիֆորնիայում։ Ես բացարձակ դժգոհ եմ դեմոկրատներից։ Նրանք ավիրեցին Կալիֆորնիան։
Քաղաքական գործիչները խոստանալ սիրում են, մենք էլ ենք Հայաստանում փորձում խոստումների հավատալ։ Մի բան պարզ է՝ 25 տարի այս երկրի ռեսուրսները վատնում են անիմաստ պատերազմների վրա։ ԱՄՆ-ը ծախսեց 15-17 տրիլիոն դոլար պատերազմների վրա, փոխանակ լուծի իր ներքին հարցերը․ տնտեսությունը, ժողովրդի բարեկեցությունը խայտառակ վիճակում են»,- ասել է մեր զրուցակիցը։
Խաչիկյանն անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահի արած վերջին ռազմատենչ հայտարարություններին։
«Ալիևի հայտարարությունը նորից մեզ ապացուցում են, որ այս կառավարության քաղաքականությունը, այն է՝ ամեն ինչում զիջել ու հետ քաշվել, պարտվեց․ ինչքան հետ քաշվեցին, այնքան Ալիևը ավելի ագրեսիվ դարձավ։ Նա կանգ չի առնում, ուզում է ոչնչացնել հայ ժողովրդին,Հայաստանը։ Նա բաց ձևով է խոսում այս ամենի մասին։ Մենք մոտենում ենք Հայաստանի կորստին։ Մենք կառավարություն էլ չունենք։ Եթե լուրջ պետություն լինեինք, մենք շատ հարցեր կբարձրաձայնեինք»,- եզրափակել է Արթուր Խաչիկյանը։