ԱՄՆ-ը փորձում է ելք գտնել. էսկալացիան սպառնում է նաև Հայաստանին. Սողոմոնյան
01 Ապրիլի 2026, 18:25
Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումների ֆոնին ԱՄՆ ղեկավարությունը փորձում է գտնել իրավիճակից դուրս գալու ուղիներ։ Alpha News-ի հետ զրույցում այս մասին ասել է «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի և վարչության անդամ Մենուա Սողոմոնյանը։
Նրա գնահատմամբ՝ Վաշինգտոնը փորձում է գտնել այնպիսի լուծում, որը նվազագույն վնաս կհասցնի իր քաղաքական վարկանիշին։
«Հույս ունեն, որ կգտնվի մի ելք, որի դեպքում նրանց վարկանիշը շատ չի տուժի, և մեզ համար խիստ բացասական այս պատերազմը կավարտվի»,- նշել է Սողոմոնյանը։
Միևնույն ժամանակ նա չի բացառել, որ հակամարտությունը կարող է շարունակվել՝ Հայաստանի համար ստեղծելով նոր ռիսկեր։ Նրա խոսքով՝ ամենամեծ վտանգը կարող է առաջանալ, եթե պատերազմը սրվի և վերաճի լայնածավալ էսկալացիայի։
«Եթե էսկալացիան մեծանա և, հատկապես, եթե լինեն ցամաքային գործողություններ, ապա Իրանը կկենտրոնացնի իր ուժերը դիմադրության վրա, ինչը կարող է հնարավորություն տալ թուրք-ադրբեջանական տանդեմին ուժով բացելու «Զանգեզուրի միջանցքը»»,- ընդգծել է Սողոմոնյանը։
Նա նաև հավելել է, որ այս սցենարը Հայաստանի համար ամենալուրջ անվտանգային սպառնալիքներից է։ Բացի ռազմական վտանգներից, Սողոմոնյանը մատնանշել է նաև տնտեսական ռիսկերը, մասնավորապես՝ մատակարարման շղթաների խզման հնարավորությունը։
«Մեր «շնչուղիները» հիմնականում Վրաստանի և Իրանի միջոցով են գործում։ Թեև Վրաստանի ուղղությունն ավելի մեծ նշանակություն ունի, սակայն Պարսից ծոցով իրականացվող մատակարարումները նույնպես կարևոր են»,- նշել է նա։