Անահիտ Ցիցիկյան. հայկական ջութակի ձայնը
26 Օգոստոսի 2025, 22:00
Անահիտ Ցիցիկյան, անուն, որը դարձել է 20-րդ դարի հայկական երաժշտական ինտելիգենցիայի հոմանիշ: Ցիցիկյանը ծնվել է 1926 թվականի օգոստոսի 26-ին Ռուսաստանի Լենինգրադ քաղաքում։ Նա ջութակ սկսել է նվագել վեց տարեկանից։ Հայրենական մեծ պատերազմի սկսվելուն պես Անահիտը տեղափոխվել է Երևան, որտեղ նրա ճակատագիրը միահյուսվել է հայկական մշակույթի պատմությանը:
Նա սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայում, արժանացել Ստալինյան կրթաթոշակի։ 1954 թվականին ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան, որից հետո ոչ միայն փայլել է բեմում, այլև ռահվիրա դարձել գիտական և մանկավարժական ոլորտներում։ Նրա համերգային գործունեությունն ընդգրկել է տասնյակ երկրներ, իսկ երգացանկը՝ ներառել հայ և համաշխարհային կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Ցիցիկյանը 1950 թվականից դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում, հիմնել և դասավանդել 3 նոր առարկա՝ «Աղեղնային արվեստի պատմություն», «Հայկական կատարողական արվեստի պատմություն», «Մանկավարժական պրակտիկա»: Նրա դասախոսություններն առանձնանում էին ոչ միայն խորությամբ, այլև գեղարվեստական արտահայտչականությամբ. ուսանողները դրանք հիշում էին որպես մտքի և ձայնի ներկայացումներ:
Նրա կյանքում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել երաժշտական հնագիտությունը, գիտություն, որը նա փաստացի հիմնել է Հայաստանում։ 1960 թվականին նա զեկույց է ներկայացրել Դվինի պեղումների ժամանակ հայտնաբերված 10-րդ դարի հնագույն ջութակի մասին։ Սա մի ամբողջ հետազոտական դպրոցի սկիզբ էր, որը միավորում էր երաժշտությունն ու պատմությունը։
Անահիտ Ցիցիկյանը կյանքից հեռացել է 1999 թվականին՝ իրենից հետո թողնելով ոչ միայն ձայնագրություններ ու հոդվածներ, այլև իր օրինակով ոգեշնչված աշակերտների սերունդ: Նրա ջութակը պարզապես երաժշտական գործիք չէր՝ այն հիշողության և հայկական հոգու ձայնն էր։