Անապայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցին
06 Սեպտեմբերի 2023, 09:23
Alpha News-ը շարունակում է ներկայացնել Սփյուռքում գործող հայկական եկեղեցիների մասին պատմող շարքը:
Անապայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցու հիմքը դրվել է 2009 թվականին Անապա քաղաքի մոտ գտնվող Գայ-Կոձոր համայնքում, և միայն 2016 թվականին շինարարական աշխատանքներն ավարտվել են: Նույն թվականին տեղի է ունեցել հանդիսավոր օծում, որը կատարել է Հարավային Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Մովսես եպիսկոպոս Մովսեսյանը: Հարկ է նշել, որ եկեղեցու կառուցմանը մասնակցել է Անապայի ողջ հայկական Սփյուռքը։
Չնայած բավականին երիտասարդ տարիքին՝ Սուրբ Գևորգ եկեղեցին ժողովրդականություն է ձեռք բերել ոչ միայն համայնքի և տեղի բնակիչների շրջանում, այլև զբոսաշրջիկների շրջանում, ովքեր գալիս են քաղաք՝ տեսնելու տեսարժան վայրերը:
Տաճարը կառուցված է վարդագույն տուֆից, որը հատուկ բերվել է Հայաստանից։ Եկեղեցու տարածքում վերջերս տեղադրվել է երկու փյունիկի պատկերով խաչքար, որը խորհրդանշում է հայ և ռուս ժողովուրդների միջև ամուր բարեկամությունը: Եկեղեցու տարածքում կառուցվել է նաև Սուրբ Սարգիս մատուռը։