Գագիկ Գինոսյանին նվիրված հուշ-երեկո՝ Անապայում

19 Փետրվարի 2024, 17:27

Մշակույթ

Անապայում տեղի է ունեցել «Պետք է իմանալ» խորագիրը կրող երեկո՝ նվիրված հայ պարուսույց, «Կարին» երգի-պարի համույթի հիմնադիր, հասարակական գործիչ, Արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանին։

Երեկոն կազմակերպել էր Անապա երիտասարդական «Նոր Հայք» կազմակերպությունը։ Երեկոյի ընթացքում հյուրերը ծանոթացել են Գինոսյանի կենսագրությանը, քննարկել են նրա անգնահատելի ներդրումը հայ հասարակության կյանքի տարբեր ոլորտներում:

Գինոսյանը կռվել է Արցախյան առաջին պատերազմում։ Մասնակցել է Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու, Բերձորի, Քարվաճառի ազատագրական մարտերին։ 1994-1996 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերի հատուկ նշանակության գումարտակում։ 1995-1996 թթ․ ընդունվել և ավարտել է Մոսկվայի Մարշալ Շապոշնիկովի անվան բարձրագույն սպայական դասընթացները։

Երկար տարիներ պարել է «Վան» և «Ակունք» անսամբլներում, սովորել բանահյուսություն, հիմնադրել և ղեկավարել «Կարին» երգի-պարի համույթը։