Անբարո է այն մարդը, որ կհամարձակվի ասել՝ արցախցին չպայքարեց ու փախավ․ Մետաքսե Հակոբյան

06 Սեպտեմբերի 2024, 21:40

Քաղաքականություն

Շատերն ասում են՝ Արցախի համար այսօր չկա պայքար, բայց մեզ համար կա։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասել է Արցախի ԱԺ պատգամավոր, «Արդարություն և վերադարձ» ՀԿ նախագահ Մետաքսե Հակոբյանը։

«Անբարո է այն մարդը, որ կհամարձակվի ասել՝ արցախցին չպայքարեց, մեկ օրում հանձնեց ամեն ինչ ու փախավ։ Արցախցին իր արժանապաատվության մարտը տվեց, բայց հասկանալի էր՝ երբ իր թիկունքից դավաճանել էին հենց իր Մայր Հայաստանի իշխանությունները, ինքն ուրիշ տարբերակ չէր ունենալու։ 120 հազար հոգով, այն էլ մեծամասնությունը կանայք, ծերեր ու երեխաներ, անհնար էր լինելու նման ահեղ թշնամու դեմ պայքարել ու հաջողության հասնել։ Զոհերին, երբ արդեն հանում էին դիրքերից ու խրամատներից, բոլորի մոտ մինչև վերջին փամփուշտը կրակված էր»,- ասել է Մետաքսե Հակոբյանը։

Պատգամավորը վստահեցնում է, որ այսօր կա պայքար՝ հանուն Արցախի։

«Շատերն ասում են, որ Արցախի համար այսօր չկա պայքար, բայց մեզ համար կա, մենք անդադար պայքարի մեջ ենք, պայքարը փողոցում բազմամարդ ակցիաներով չէ, դա քաղաքական լուրջ աշխատանք է պահանջում։ Մենք այնպիսի իրավիճակում ենք, երբ քաղաքական այդ գործընթացներն այդպես էլ ավարտուն տեսք չունեն, որ համարենք՝ կարող ենք անցնել հստակ գործընթացների։ Վստահության ու գործընկերային հարաբերությունների մեջ տեսնում ես՝ դա այն քաղաքական ուժը չէր, որի հետ պիտի ճանապարհ գնաս։

Մենք ունենք միասին լինելու, համաախմբված լինելու խնդիր, որպեսզի որևէ մեկը չմտածի,որ ընդդիմությունը խնդիր ունի առանձին խմբավորումներով առաջնային տեղ զբաղեցնելու կամ իր անձնական քաղաքական շահը սպասարկելու։ Երբ մենք այս խնդիրը առաջնահերթ լուծենք, մարդիկ կգնան ընդդիմության հետևից»,- նկատել է արցախցի պատգամավորը։

Հակոբյանի կարծիքով՝ Սրբազան շարժման ժամանակ էլ շատերն, ունենալով քաղաքական տարբեր հայացքներ, կանգնեցին կողք կողքի։

«Այս իշխանությունները կարողացան ու շարունակում են հաջողել, որովհետև մենք պառակտված ենք։ Պիտի դա ընդունենք։ Հիմա կա պայքար, որովհետև մենք շատ բաներ հաղթահարել ենք արդեն ու փորձում ենք այդ երկխոսությունը, բացի փողոցում իրար կողք կանգնելուց, որը շարժման մեջ էլ երևաց, որ տարբեր քաղաքական մտածողություն ունենալով հանդերձ կանգնել ենք իրար կողքի, հիմա փորձում ենք խոսել իրար հետ, որ կարողանանք ընդհանուր եզրահանգումների արդյունքում քաղաքական պրոցեսներ իրականացնել»,- նշել է Մետաքսե Հակոբյանը։