ANCA-ի առաջնորդները քննարկել են հայամետ քաղաքական առաջնահերթությունների առաջմղման նոր ռազմավարությունները
27 Նոյեմբերի 2024, 16:29
Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) առաջնորդները տարբեր նահանգներից արտագնա սեմինարի համար հավաքվել են Ռոնալդ Ռեյգանի նախագահական գրադարանում և թանգարանում՝ քննարկելու 2024 թվականի ԱՄՆ ընտրություններից հետո հայամետ քաղաքական առաջնահերթությունների առաջմղման նոր ռազմավարությունները:
Նոյեմբերի 23-ին անցկացված մեկօրյա սեմինարը դարձել է հուսալի հարթակ՝ գնահատելու հայ համայնքի ընտրական աճող ազդեցությունը, հատկապես առանցքային նահանգներում: Համաժողովը նաև կենտրոնացել էր նոր, համարձակ մոտեցումների ներդրման վրա՝ ամերիկահայ ընտրողներին ներգրավելու համար հայկական խնդիրների առաջմղման գործում, Վաշինգտոնում արագ փոփոխվող քաղաքական գործընթացների պայմաններում: Արտագնա սեմինարի առանցքային ուղղություններն էին համագործակցությունը Թրամփ-Վենսի ապագա վարչակազմի և Կոնգրեսի նորընտիր անդամների հետ, որոնց թվում են հանձնաժողովի կողմից աջակցություն ստացած և հաղթած թեկնածուների ավելի քան 90 տոկոսը։
«Մենք հավաքվել ենք որպես հայ ազգի երկրորդ բանակ՝ օգտագործելով մեր հավաքական ուժն ու ռազմավարական գաղափարները, որպեսզի պատրաստակամորեն ընդունենք լուրջ մարտահրավերները և օգտվենք իրական հնարավորություններից, որոնք մենք տեսնում ենք Վաշինգտոնում։ ANCA-ի ղեկավարները Միացյալ Նահանգների տարբեր ծայրերից այսօր ներկայացնում են մեզնից լավագույնները:
Նրանք ունեն համարձակ տեսլական, խորը նվիրվածություն, տիրապետում են քաղաքականության նրբություններին և իրական քաղաքական հմտություններին, որոնք անհրաժեշտ են Վաշինգտոնում որոշումներ կայացնողների վրա ազդելու համար: ANCA-ի առաջնորդների գործունեությունն առավել արդյունավետ արդյունքներ է բերում՝ հաշվի առնելով հասարակական կազմակերպությունների ցանցի աջակցությունը բոլոր 50 նահանգներում»,- ասել է հանձնաժողովի նախագահ Րաֆֆի Համբարյանը: