Անցումային կառավարությունը պետք է կազմակերպի արտահերթ կամ հերթական ընտրություններ. Բագրատ Սրբազան
26 Մայիսի 2024, 17:37
Հանրապետության հրապարակում ՀԱԵ Տավուշի թեմի առաջմորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած համազգային հանրահավաքի ժամանակ Սրբազանն ազդարարեց շարժման երրորդ ու վճռական փուլի մասին, որի հանգուցալուծումն, ըստ Բագրատ արքեպիսկոպոսի՝ ճշմարտության հաղթանակն է:
«Դուք անընդահատ կոնկրետություն ենք պահանջել, դուք անընդհատ պահանջել եք նոր կառավարության վարչապետի թեկնածուի ու օրակարգի մասին: Ինչպես նշել եմ նախորդ անգամ՝ այդ թեկնածուն պետք է լինի վերկուսակցական, չի կարող լինել որևէ կուսակցության կամ խմբակի անդամ: Նա պետք է ձևավորի անցումային կառավարություն, որը կլինի հաշտության կառավարություն»,- հայտարարեց Սրբազանն, ապա շարունակելով ելույթն՝ ասաց, որ անցումային կառավարության օրակարգում պետք է երեք ուղղություն լինի, առաջինը՝ ներքին հաշտություն, որը նրա խոսքով՝ պետք է հիմնված լինի արդարության և արդարադատության վրա, երկրորդը՝ արտաքին հարաբերություններ, որն ըստ Սրբազանի՝ պետք է վարել այնպես, որպեսզի սառեցվի այն իրավիճակը, որում հիմա կանք, և երրորդ ուղղությունը՝ կազմակերպել արտահերթ կամ հերթական ընտրություններ, սակայն պայմանով, որ անցումային կառավարությունը հավակնություն չի ունենա մասնակցել այդ ընտրություններին: