Անդրանիկ Մանուկյան․ Ազգային մշակույթի պահապանը

01 Մայիսի 2024, 23:44

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Անդրանիկ Մանուկյանը ծնվել է 1967 թվականի մայիսի 1-ին Թալինի շրջանի Ներքին Բազմաբերդ գյուղում։ Ավարտել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալի բաժինը։

1980 թվականից մասնակցել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում անցկացվող ավանդական փառատոներին, տարիներ շարունակ արժանացել տարբեր մրցանակների։ Անդրանիկ Մանուկյանը պարգևատրվել է նաև Մոսկվայի Ժողարվեստի համամիութենական երկրորդ փառատոնի դափնեկրի մեդալի։

90-ականներին Մանուկյանը հոգևոր ծառայության է անցել Սուրբ Աստվածածին եկեղեցում։ 2005 թվականից սկսել է ծառայել Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում, որտեղ հիմնել է «Օշական» համույթ-երգչախումբը։

2006 թվականին Աշտարակ քաղաքի մանկապատանեկան ստեղծագործության տանը հիմնել է «Անդրանիկ» երգի-պարի համույթը։

Նրա գլխավորությամբ թողարկվել են նաև «Զատիկ», «Վարդավառ», «Վարդանանք» ֆիլմերը, որոնք արտացոլում են ազգային արժեքները։

«Որտեղ էլ որ մարդ ապրի, առաջին հերթին պետք է պահպանի իր լեզուն։ Հայաստանից դուրս ծնված երեխաները պետք է սովորեն հայոց լեզուն և դրա միջոցով սովորեն իրենց ժողովրդի կենցաղն ու մշակույթը»,- իր հարցազրույցներից մեկում ասել է Անդրանիկ Մանուկյանը։