Անդրանիկ Օզանյան․ հայ ժողովրդի ազգային հերոսը
18 Նոյեմբերի 2023, 19:42
Անդրանիկ Թորոսի Օզանյանը Հայ ազգային-ազատագրական շարժման առաջնորդներից է, հայ ժողովրդի ազգային հերոսը: Հայտնի է նաև որպես զորավար Անդրանիկ, գեներալ Անդրանիկ (Արևմուտքում) և Անդրանիկ փաշա (Արևելքում):
Ժամանակին անդամակցել է հայ ազատագրական շարժմանը՝ միանալով Դաշնակցություն կուսակցությանը։
1880 թվականին Անդրանիկը հայտնվում է թուրքական բանտում՝ հայերին ահաբեկող թուրք ժանդարմին սպանելու համար։ Շուտով նա փախչում է բանտից և վերադառնում Արևմտյան Հայաստան, ապա մեկնել Ղրիմ և Կովկաս, որպեսզի կազմակերպի զենքի առաքումը հայ Հայդուկներին։ Կարսից մինչև Սասուն 400 կիլոմետրանոց ճանապարհը ոտքով անցնելուց հետո Անդրանիկը 1895 թվականի ձմռանը միանում է Աղբյուր Սերոբի Հայդուկներին։
Հետագայում ճանաչվել է Արևմտյան Հայաստանում գործող հայկական հայդուկական ուժերի ընդհանուր ղեկավար։
1906 թվականին Ժնևում Անդրանիկը հրատարակում է «Մարտական հրահանգներ» գիրքը։
1912 թվականին հայ կամավորներից Անդրանիկը և Գարեգին Նժդեհը կազմակերպել են վաշտը, որը մտնում էր բուլղարական բանակի աշխարհազորի կազմի մեջ։
Հայ մարտիկները հերոսություն են դրսևորել Մաստանլի, Ուզուն, Մերեֆթե, Շարքեյ և այլ քաղաքների համար մղված մարտերում։ Անդրանիկը մասնակցել է գեներալ Յավեր փաշայի թուրքական կորպուսի ջախջախմանը։ Բուլղարական հրամանատարությունը բարձր է գնահատել հայկական վաշտի մասնակցությունը Բալկանյան առաջին պատերազմին։
Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց հետո Անդրանիկը տեղափոխվել է Ռուսաստան։
Նրան հանձնարարվել է ձևավորել և ղեկավարել առաջին կամավորական հայկական ջոկատը, որը Կովկասյան ռազմաճակատի ռուսական զորքերի կազմում աչքի է ընկել Վանի, Բիթլիսի, Մուշի գրավման համար մղված մարտերում, Դիլմանի ճակատամարտում 1915թ.-ի ապրիլին։