Անդրանիկ Օզանյան. Հայ ժողովրդի հերոս զավակը

25 Փետրվարի 2025, 23:45

Հայեր

Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:

Փետրվարի 25-ը 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ ազգային-ազատագրական շարժման ականավոր գործիչ և Հայաստանի ազգային հերոս Անդրանիկ Օզանյանի (Զորավար Անդրանիկ) ծննդյան օրն է:

Անդրանիկ Օզանյանը ծնվել է 1865 թվականին Օսմանյան կայսրության Շապին Գարահիսար քաղաքում։ Սովորել է Մուշեղյան դպրոցում, ապա աշխատել Կոստանդնուպոլսում և Ռումինիայում: Վերադառնալով հայրենիք՝ զբաղվել է ատաղձագործությամբ և ակտիվորեն մասնակցել հասարակական կյանքին։ 1891թ. Անդրանիկն անդամակցել է Հնչակյան կուսակցությանը, սակայն շուտով լքում է կուսակցությունը և անդամագրվում դաշնակցական կուսակցությանը:

19-րդ դարի վերջին Անդրանիկը միացել է Արևմտյան Հայաստանում ծավալված հայկական հայդուկային շարժմանը։ Սկսելով պայքարը որպես շարքային հայդուկ, նա շուտով դառնում է խմբի հրամանատար, մասնակցում է թուրքական զորքերի և քրդական ավազակախմբերի դեմ մղվող մարտերին։ Օզանյանն այցելել է Սևաստոպոլ, Թիֆլիս, Բաթում, Կարս և այլ քաղաքներ՝ կապեր հաստատելով հայ առաջնորդների հետ: 1899 թվականին Աղբյուր Սերոբի մահից հետո Անդրանիկը դառնում է Վասպուրականում և Սասունում գործող հայդուկային ուժերի ղեկավարը։

Անդրանիկ Օզանյանը հայտնի է դարձել թուրքական և քրդական զորքերի դեմ մղված մարտերում տարած հաղթանակների շնորհիվ, այդ թվում՝ Առաքելոց վանքի մոտ 1901թ. հայտնի մարտը և 1904թ. Սասունի պաշտպանությունը: 1904 թվականին նրա ջոկատը ավելի քան 30 անգամ բախվել է թուրքական բանակին։ 1904 թվականին Արևմտյան Հայաստանը լքելուց հետո Օզանյանը լինում է Իրանում, Բաքվում, Թիֆլիսում և Ժնևում՝ 1906 թվականին հրատարակելով «Մարտական հրահանգներ» գիրքը։

Շվեյցարիայում և Բուլղարիայում Անդրանիկը հետևել է Հայ ազգային-ազատագրական շարժման զարգացմանը։ Նա վճռական էր տրամադրված երիտթուրքերի հետ հայերի մերձեցմանը՝ դա վտանգավոր համարելով Արևմտյան Հայաստանի հայերի համար։ Բալկանյան պատերազմի ժամանակ ակտիվորեն մասնակցել է բուլղարացիների կողմից մարտնչող հայկական կամավորական ջոկատի կազմավորմանը։

1914-1918 թթ. Առաջին աշխարհամարտում Անդրանիկը դարձել է հայ կամավորների հրամանատար և մասնակցել Վանի, Բիթլիսի և Մուշի համար մղված մարտերին, ինչպես նաև Դիլմանի ճակատամարտին: Իսկ Թիֆլիսում և Հյուսիսային Կովկասում նա օգնել է հայ փախստականներին։ 1918-ին Անդրանիկը ղեկավարել է հայկական կորպուսը, որը պաշտպանում էր Էրզրումը և նահանջում Կարս և Ալեքսանդրապոլ՝ թուրքերի առաջխաղացումը զսպելու համար։

1919թ. տարբեր ռազմական գործողություններից հետո Անդրանիկը լքել է Հայաստանը և տեղափոխվել արտերկիր: Նա շարունակել է ծրագրեր մշակել Կիլիկիայի հայերին աջակցելու համար։ Նա ապրել է ԱՄՆ-ում և միաժամանակ աջակցել հայկական Սփյուռքին։ Հերոսը հավատարիմ էր Խորհրդային Հայաստանին՝ շարունակելով աշխատել ի շահ հայ ժողովրդի։

Անդրանիկ Օզանյանը կյանքից հեռացել է 1927 թվականին Կալիֆորնիայում։ 1928թ. հունվարին նրա աճյունը տեղափոխվել է Փարիզ և ամփոփվել «Պեր-Լաշեզ» գերեզմանատանը, իսկ 2000թ-ին վերահուղարկավորվել է Երևանի «Եռաբլուր» զինվորական պանթեոնում:

Անդրանիկ Օզանյանը շարունակում է մնալ հայ ժողովրդի ամենահարգված հերոսներից մեկը, նրա պատվին բազմաթիվ հուշարձաններ են կանգնեցվել ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Նրա անունով են կոչվել փողոցներ և հրապարակներ, ինչպես նաև Երևանի մետրոպոլիտենի կայարան: 2001թ. Հայաստանում սահմանվել է ՀՀ զինված ուժերի «Անդրանիկ Օզանյան» մեդալ: