Անհասկանալի է՝ ինչո՞ւ Հայաստանը չի դիմում ՄԱԿ-ի ԱԽ-ին՝ Ադրբեջանին պարտադրելու կատարել Հաագայի դատարանի որոշումը. Սարգիս Մեսրոպյան
05 Օգոստոսի 2023, 21:20
Ինչո՞ւ մինչեւ հիմա Հայաստանի իշխանությունը չի դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որպեսզի Ադրբեջանին պարտադրեն կատարել Միջազգային արդարադատության դատարանի որոշումը՝ ապահովելու տրանսպորտի եւ մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով։
Alpha News-ի եթերում նման հարցադրում է արել ամերիկահայ բժիշկ, ազգային-հասարակական գործիչ Սարգիս Մեսրոպյանը։ «Մինչեւ հիմա մեզ համար դա անհասկանալի է»,- շեշտել է Մեսրոպյանը։
Նա անընդունելի է համարել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում միջնորդի դեր ստանձնած պետությունների պարտադրանքը Ստեփանակերտ-Բաքու երկխոսության ապահովման համար։
«Արցախն ինչպե՞ս կարող է բանակցել Ադրբեջանի հետ՝ մեջքին առանց որեւեւ մեկի աջակցության»,- ընդգծել է Սարգիս Մեսրոպյանը։
Նա կոչ է արել աշխարհասփյուռ հայությանը համախմբվել, ինչպես եղավ 90-ականներին, ու պայքարել հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքի համար, որն ըստ նրա՝ զիջման ենթակա չէ։
«Արցախում այսօր 120 հազար հայ ցեղասպանության ենթարկվելու վտանգի տակ է, բայց աշխարհասփյուռ հայությունը ոտքի չի կանգնում։ Հայաստանի ու Սփյուռքի բոլոր կառույցները պետք է միասնական դառնան»,- ընդգծել է նա:
Ավելի մանրամասն՝ տեսանյութում