Անհնար է համատեղել մասնակցությունը երկու ինտեգրացիոն միավորումներին՝ ԵՄ-ին և ԵԱՏՄ-ին. Կոնստանտին Տասից

Ռուս քաղաքագետ և Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Կոնստանտին Տասիցը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքի նախագծին, որը երկրորդ ընթերցմամբ հաստատել է Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը։

«Դա խոսում է այն մասին, որ ներկայիս կառավարությունն, այնուամենայնիվ, շարունակում է, ինչպես իրենք են ասում, արտաքին քաղաքական հարաբերությունների դիվերսիֆիկացումը: Դատելով այս օրինագծի տեքստից՝ այնտեղ ինչ-որ որոշակի բովանդակություն չկա, այն փաստացի բաղկացած է մեկ նախադասությունից, ուստի, ամենայն հավանականությամբ, ճիշտ են այն փորձագետները, որոնք ասում են, որ եվրաինտեգրման այս թեման «Քաղաքացիական պայմանագրի» կողմից կօգտագործվի խորհրդարանական ընտրությունների ժամանակ որպես նախընտրական կարգախոս։

Օրինագիծը կոնկրետ բովանդակություն չունի, այսինքն՝ այն չի ենթադրում ո՛չ ԵՄ-ի կազմում թեկնածուի կարգավիճակի ստացում, ո՛չ այլ նախապատվություններ։ Ավելին, հետաքրքրությունը պետք է դրսևորվի Եվրամիության կողմից, որը ներկայումս զբաղված է ներքին խնդիրներով։ Մենք տեսնում ենք, որ սրվել են հարաբերությունները Թրամփի հետ, կան սոցիալ-տնտեսական լուրջ բարդություններ, որոնք պետք է լուծել։ Եվ, սկզբունքորեն, ինչ-որ նշանակալի ակտիվություն Հարավային Կովկասում նա չի ցուցաբերում», — ասել է Տասիցը։

Փորձագետի խոսքով՝ անհնար է միառժամանակ գտնվել երկու ինտեգրացիոն միավորումներում, ուստի դա չի նպաստի ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների բարելավմանը:

«Ինչպես ասում էր Ռուսաստանի ղեկավարությունը, դա, անշուշտ, չի նպաստի Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի հարաբերությունների բարելավմանը և դինամիկ զարգացմանը, քանի որ անհնար է միաժամանակ գտնվել երկու ինտեգրացիոն միավորումներում, դա հակասում է միմյանց։ Մի խոսքով, դա Հայաստանի սուվերեն ընտրությունն է, թե ինչպես վարի իր արտաքին քաղաքականությունը։ Տվյալ դեպքում Մոսկվան կարող է հայկական կողմին տեղեկացնել, թե ինչ հետևանքների դա կհանգեցնի։

Այդ մասին լավ ասաց Մարիա Զախարովան, որ ակնհայտ է՝ Հայաստանի կոնտրագենտները, այսինքն այն ընկերությունները, որոնք աշխատում են Եվրասիական տնտեսական միության շուկայում, հաշվի կառնեն այն, որ Հայաստանը կարող է ինչ-որ փուլում դուրս գալ այդ միավորումից և, համապատասխանաբար, ավելի քիչ շահագրգռված կլինեն նրա հետ փոխշահավետ հարաբերություններ զարգացնել։ Դա, իր հերթին, կհանգեցնի տնտեսական աճի աստիճանական թուլացման, որը մեծապես ապահովվել է հենց նրանով, որ Հայաստանը շատ սերտ հարաբերություններ է պահպանել Ռուսաստանի և ԵԱՏՄ երկրների հետ», — եզրափակել է Տասիցը։