Անհնարինը դարձնելով հնարավոր. Արցախի սպիտակ բանակը կյանքեր է փրկում

18 Հուլիսի 2023, 11:35

Հայեր

Ինչպես Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ շրջափակման այս օրերին, սպիտակ բանակի զինվորները ծանր ու պատասխանատու աշխատանք են անում։ Հումանիտար աղետի` օրեցօր ահագնացող պայմաններում, իրենց աշխատանքն ամենօրյա ռեժիմով իրականացնող Արցախի բժիշկներն այսօր անցնում են բավականին բարդ ճանապարհ՝ ամեն օր հաղթահարելով ստեղծված իրավիճակի դժվարությունները։

Շրջափակման արդյունքում խանութներում առաջացած սննդամթերքի դեֆիցիտը, իսկ դեղատներում` օր օրի պակասող առաջին անհրաժեշտության դեղորայքը, լրջագույն մարտահրավեր են առողջական խնդիրներ ունեցող անձանց և նրանց կյանքի համար պայքարող բժիշկների համար։

«Արցախթերթի» հետ զրույցում Ստեփանակերտի Հանրապետական հիվանդանոցի գործադիր-տնօրեն Մհեր Մուսայելյանն ասում է, որ նույնիկս անհնարին թվացող խնդիրներ են կարողացել լուծել:

«7 ամիս շարունակ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի մարդասիրական օգնության միջոցով որոշակի չափով կարգավորել ենք հումանիտար աղետի պատճառով առաջացած Հանրապետական հիվանդանոցի բազմաշերտ խնդիրները։ Սակայն հուլիսի 11-ից Ադրբեջանը կրկին արգելել է կազմակերպության տեղաշարժը՝ խոչընդոտելով մարդասիրական, այդ թվում՝ հիվանդների փոխադրումները, ինչի արդյունքում խնդիրներն ավելի են բարդացել և ավելի շոշափելի դարձել։ Ադրբեջանը ոչ միայն անտեսում է իր միջազգային պարտավորությունները, այլև խորացնում Արցախում` առանց այն էլ ծանր ու անմարդկային իրավիճակը:

ԿԽՄԿ առաքելության տեղաշարժի արգելքը, ըստ էության, ամբողջովին զրկում է շտապ բժշկական օգնության հասանելիությունից նրանց, ովքեր դրա խիստ կարիքն ունեն, ինչն էլ, անշուշտ, կարող է հանգեցնել լուրջ հետևանքների և մարդկային կորուստների»։

Հիշեցնենք, որ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը, «բնապահպանների» բողոքի ակցիայի պատրվակով, ապօրինի կերպով արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ անտեսելով Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի հորդորները եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։

Արցախի շրջափակումը չի դադարեցվել «բնապահպանների» ակցիայի ավարտից հետո: Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջացնքում, իսկ հունիս 15-ին, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո, Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ՝ ամբողջությամբ զրկվելով բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի 120 հազար քաղաքացիներ զրկված են ազատ տեղաշարժի, անգամ բուժառուներին Հայաստան տեղափոխելու հնարավորությունից ու տարրական կենսապայմաններից: