Անհրաժեշտ է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ. Ֆրանսուա-Քսավյե Բելամի
16 Սեպտեմբերի 2023, 14:47
ԵՄ Խորհուրդը և Եվրահանձնաժողովը պետք է ականջալուր լինեն Եվրախորհրդարանին և պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի նկատմամբ։
Ես ամիսներ, նույնիսկ տարիներ շարունակ պայքարել եմ Ադրբեջանի նետած մարտահրավերներին պատշաճ կերպով պատասխանելու Եվրոպայի այս սարսափելի անկարողության դեմ, քանի որ այդ ամենը սկսվել է 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմից:
Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրախորհրդարան-Հայաստան բարեկամության խմբի անդամ Ֆրանսուա-Քսավիե Բելամին:
«Մարտահրավերներն, իհարկե, կապված են ոչ միայն հայ ժողովրդի և Լեռնային Ղարաբաղի հայության հետ, այլ նաև ավելի լայն իմաստով՝ միջազգային իրավունքի և հիմնարար հումանիտար սկզբունքների խախտումների հետ։ Եվ հենց այդ պատճառով, ես միշտ համարել եմ, որ անհրաժեշտ է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ տարածաշրջանում Ալիևի պահվածքի համար», — նշել է Բելամին։
Խոսելով այն մասին, թե արդյոք փոխվել է Եվրախորհրդարանի պատկերացումը Լեռնային Ղարաբաղի շրջափակման 9 ամիսների ընթացքում Ալիևի ռեժիմի գործողությունների վերաբերյալ՝ Բելամին նշել է, որ ամիսներ շարունակ պայքարել է Հայաստանում իրավիճակի և Ադրբեջանի վարքագծի մասին իրազեկվածության բարձրացման համար:
«Մի քանի ամիս առաջ ես փոփոխություններ էի պատրաստել՝ խնդրելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։ Շատ դժվար էր լիագումար նիստում փոփոխություն պատկերացնելը, բայց այն լայնորեն ընդունվեց: Այնպես որ, այս խորհրդարանի դիրքորոշումն այժմ այնպիսին է, որ Ադրբեջանը պետք է դատապարտվի իր պահվածքի համար», — ասել է նա։