Անհրաժեշտ են այնպիսի պայմաններ, որ մեր ներքին սուբյեկտայնությունը չկորցնենք. Վահրամ Պողոսյան
29 Օգոստոսի 2023, 21:21
Մեզ առաջին հերթին անհրաժեշտ են այնպիսի պայմաններ, որ, առնվազն, մեր ներքին սուբյեկտայնությունը չկորցնենք։ Այս մասին Alpha News-ի ուղիղ եթերում ասաց «Արցախպրես» լրատվական գործակալության տնօրեն Վահրամ Պողոսյանը՝ փորձելով պատասխանել հարցին, թե ինչի շուրջ է հնարավոր համաձայնության գալ Բաքվի հետ և ինչպես։
«Մեզ առաջին հերթին անհրաժեշտ են այնպիսի պայմաններ, որ, առնվազն, մեր ներքին սուբյեկտայնությունը չկորցնենք։ Այստեղ բխում է նաև երկրորդ կարևոր հարցը. ներքին սուբյեկտայնությունը չկորցնելով հանդերձ՝ մեզ պետք են պայմաններ, որ մարդիկ կարողանան այստեղ ապրել, որովհետև այս պահին արցախցիները զրկված են տարական կենսապայմաններից, դեղատները փակ են, խանութներում բացարձակ որևէ բան չի մնացել, և այսպես շարունակ։ Այս պայմաններում մտածել, որ հնարավոր է երկար պայքարել ու արդյունքի հասնել, բանական մարդու համար պարզ է, որ հնարավոր չէ»,-ասաց Պողոսյանը։
Նրա կարծիքով առկա խնդիրներին անհապաղ պետք է լուծումներ տալ, բայց թե դրանք ինչպիսին կլինեն, հստակ չի կարող ասել։
«Իմ ունեցած տեղեկություններով, երեկ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում պարզ է դարձել, որ կա որոշակի կոնսենսուս ինչ-որ ձևով խնդիրը հանգուցալուծելու։ Բայց թե ինչ ճանապարհ կընտրվի, ցույց կտա ժամանակը։ Ճիշտ է՝ ժողովուրդը իշխանությունից պահանջում է որոշում կայացնել, բայց ես ինքս, հասկանում եմ, որ այդ որոշումը կարող է ծանր լինել։ Ցավոք սրտի, մենք այսօր տեսնում ենք, որ Արցախը մենակ է մնացել և որևէ աջակցություն ոչ մի տեղից չի ստանում՝ նույնիսկ Հայաստանից։ Այս ամենով հանդերձ, մենք տեսնում և հասկանում ենք, որ կյանքի հետագա շարունակման համար բավականին դժվար իրավիճակ է ստեղված։ Բայց, ինչ էլ լինի, պետք է որոշում կայացնել, թեև այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ առաջարկվող յուրաքանչյուր տարբերակ մարդկանց մոտ բողոք է առաջացնում։ Բայց, թերսնված երեխան ինչպե՞ս կարող է դպրոց գնալ։ Այս պայմաններում ապրելն անհնարին է, դրա համար պետք է որոշում կայացնել ու հասկանալ՝ ինչպես պետք է Արցախը պահենք»,- ընդգծեց Պողոսյանը։